«Այսօր լրացավ որդուս առևանգման 11 տարին․ պարոն Փաշինյան, խոսք եք տվել, գտեք-տվեք իմ երեխուն»․ կապանցի կին
Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Կարապետյանն արդեն 11 տարի շարունակում է փնտրել իր միակ որդուն՝ Արա Խաչատրյանին։ Ըստ տիկնոջ՝ որդին 2011 թվականի հունիսի 2-ին (29 տարեկանում) ընկերների կանչով տնից դուրս է եկել ու մինչ օրս չի վերադարձել։
«11 տարի առաջ նույն այս օրը աչքիս առաջ իմ երեխուն իր մոտ ընկերները տարել են, առևանգել են, բայց փողի ուժով գրել են՝ անհետ կորած։ Երբ Փաշինյանը պատգամավոր էր, մի շարք անգամներ Սյունիքից հասել եմ իր մոտ, հանդիպել եմ, աշխատեց-աշխատեց, ասաց՝ տիկին Էմմա, չեմ կարող ոչ մի բան անել։ Հեղափոխությունը որ եղավ, ուրախացա, ասացի՝ վերջապես մի լույս կծագի, և իմ երեխան կգտնվի։ 2018 թվականի մայիսի 11-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ Կառավարության նիստի, այստեղ հանդիպեցինք, ասացի՝ ճանաչեցի՞ք, պարոն Փաշինյան, ասաց՝ ո՞նց չճանաչեցի, խի մինչև հիմա չեք գտե՞լ, տիկին Էմմա։ Ասացի՝ ոչ․․․»։
Տիկին Էմման վստահեցրեց, որ 2018-ին Փաշինյանը հենց նույն օրն իրավապահ մարմիններին հրահանգել է, որպեսզի զբաղվեն այս գործով, սակայն մինչ օրս որևէ արդյունք չկա։
Տիկին Էմման պատմեց, որ երբ ԱԱԾ տնօրենը Արգիշտի Քյարամյանն էր, հանդիպել է նրա հետ, ինչպես նախորդ ԱԱԾ ղեկավարները, նա ևս խոստացել է հարցին լուծում տալ, բայց․
«Խոսք տվեց, ասաց՝ 2 ամիս ինձ ժամանակ տուր, ես մի բան կանեմ, բայց պատերազմը որ եղավ՝ ընդհատվեց։ Քննչական կոմիտեն էլ 8 ամիս է՝ քրեական գործը կարճել են, բայց լինելով տուժող կողմ՝ ինձ ծանուցագիր չեն ուղարկել։ Այդպե՞ս են աշխատում, պարոն Քյարամյան։ Քննիչը փոխվել է, մի ուրիշ քննիչ են բերել, նա անգամ իր անունը գրել չգիտի․․»։
Տիկին Էմման ասաց, որ շուրջ 2 տարի հանդիպում է պահանջում նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, սակայն ոստիկանապետն իրեն չի ընդունում, ուստի միակ հույսը Փաշինյանն է։
«Պարոն Փաշինյան, ձեր առաջին հանձնարարականն է, դուք Կառավարության շենքի առաջ խոսք եք տվել իմ երեխուն գտնեք, գտեք-տվեք իմ երեխուն։ Խիղճներդ արթնացրեք, մի անգամ գոնե օրենքը անտերի համար աշխատի։ Ես գիտեմ, թե ով է կանգնած այս գործի հետևում, եթե Նիկոլ Փաշինյանն ինձ ընդունի, կասեմ․․․»։
Տիկին Էմման ուղիղ 1 տարի առաջ 168.am-ի հետ զրույցում կրկին պնդել էր, որ գիտի, թե ովքեր են կանգնած այս գործի հետևում։
«Ես խնդրում եմ, թող Նիկոլ Փաշինյանն ինձ հետ հանդիպի, ես ասեմ, թե ով է իմ տղայի գործի հետևում կանգնած, ինքն էլ՝ ՔՊ-ական»,- ասել էր նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում