Վահագն Վեմիշյանը ճի՞շտ էր, Նիկոլ Փաշինյանը սխա՞լ
2019 թվականի մայիսի 2-ի Կառավարության նիստում գործադիրը որոշում ընդունեց տուրք սահմանել մետաղի ջարդոնի արտահանման վրա, ինչն արժանացավ այն ժամանակվա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի քննադատությանը, որը նիստի ընթացքում ասաց.
«Ես տնտեսագետ չեմ, բայց ուզում եմ մի պատմական ակնարկ անել. 90-ականներին, երբ սև մետաղի ջարդոնն անարգել դուրս էր բերվում հանրապետությունից, հանրապետության ողնաշարը կոտրվեց։ Ամբողջ ծանր շինարարական տեխնիկան, ռելսերը, հաստոցները երկաթե ջարդոնի անվան տակ դուրս եկավ ՀՀ-ից, իսկ Չինաստանը ներմուծում էր դրանք, վերազինում այդ հաստոցներն էլեկտրոնային չիպերով և դարձնում դրանք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Իմ խորը համոզմունքն է, որ սև մետաղը չպետք է թույլ տալ հանրապետությունից դուրս գա։ Հայաստանը պետք է երկաթ ներմուծող և ոչ թե՝ արտահանող լինի։ Ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը»:
Վահագն Վերմիշյանը Կառավարության այդ օրվա նիստի միակ պաշտոնյան էր, որը դեմ արտահայտվեց ոչ միայն մետաղի ջարդոնի արտահանմանը, այլ նաև դրա համար տուրքի սահմանմանը, ինչը, սակայն, չխանգարեց, որ մետաղի ջարդոնի արտահանման համար տուրք սահմանվի։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միայն 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 35․000 տոննա մետաղի ջարդոն, իսկ դրա նախորդող տարում՝ ընդամենը 1000։
Վահագն Վերմիշյանն այդ նիստից հետո որոշ ժամանակ անց կալանավորվեց, սակայն մեկ տարի տարի անց Փաշինյանի Կառավարությունը որոշում ընդունեց առհասարակ դադարեցնել նախորդ ընդունած որոշումն ու, ինչպես պնդում էր Վերմիշյանը, արգելեց սև և գունավոր մետաղների արտահանումը։
Նախ արտահանումն արգելվեց 6 ամսով՝ 2021 թվականի հունվարի 14-ին, հետո այդ արգելքը երկարաձգվեց։
Արգելքի հերթական երկարաձգումը տեղի ունեցավ 2022 թվականի մայիսի 26-ի Կառավարության նիստում. գործադիրի որոշմամբ՝ հերթական անգամ 6 ամսով Հայաստանից արգելվելու է ռազմավարական նշանակություն ունեցող հումքի՝ սև և գունավոր մետաղների արտահանումը։
Արգելքը կպահպանվի մինչև 2023 թվականի հունվար ամիսը։