Գնաճի տեմպն արագանում է բավական մեծ քայլերով

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ 

  • Գների աճի արագացումը շարունակվում է ավելի մեծ քայլերով, այն դեպքում, երբ Կենտրոնական բանկն արդեն իսկ ագրեսիվ կերպով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Գների աճի տեմպը ապրիլին արագացել է շուրջ 1.0 տոկոսային կետով՝ հասնելով 8.4%-ի: Գնաճի արագացումը առավելապես պայմանավորված է արտաքին աշխարհում էներգակիրների և սննդի գների աճով: Սակայն, վերջիններիս աճը կանխատեսվող հորիզոնում շարունակվելու է, հետևաբար, ՀՀ-ում գնաճի տեմպը հետագա ամիսներին կարող է շարունակել արագանալ: Այս պայմաններում ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը սահմանափակ ազդեցություն է ունենում գնաճի վրա: Հետևաբար, կառավարությունը պետք է առավել արդյունավետ կերպով օգտագործի գնաճի դեմ պայքարի այլ գործիքակազմեր, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործիքակազմը:

Անդրադառնալով 2022թ. հունվար-ապրիլ ամսիներին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշներին, հարկ է նշել, որ՝ 

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը որոշակիորեն վերականգնվել է մարտի անկումից հետո, սակայն կուտակային աճը դեռևս նվազող շարժընթաց ունի: ՏԱՑ-ի ցուցանիշը մարտին էականորեն դանդաղել էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած խնդիրներով (հիմնականում արդյունաբերության և արտահանման ոլորտներում), սակայն դրանց մեղմմանը զուգահեռ ՏԱՑ-ի աճի տեմպը որոշակիորեն վերականգնվել է՝ ապրիլին կազմելով 8.8%: Զուգահեռաբար, կուտակային՝ տարեսկզբից հաշվարկված տնտեսական ակտիվության աճը դեռևս ունի դանդաղման միտում: 2022թ. հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.4%՝ հունվար-մարտի համեմատ դանդաղելով 0.2 տոկոսային կետով:
  • Տնտեսական ակտիվության տեմպը կարող է նվազել՝ կապված ժամանակավոր գործոնների վերացման հետ: ՏԱՑ-ի աճը էականորեն պայմանավորված է ծառայությունների (հունվար-ապրիլ ամիսների աճը կազմել է 23.5%) և առևտրի (հունվար-ապրիլ ամիսների առևտրի աճի տեմպը ևս արագացել է և կազմել 7.8%) աճերով, որոնք էլ իրենց հերթին հիմնվում են ՌԴ-ից Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների ներկայացրած պահանջարկի վրա: Հետևաբար, ռուս-ուկրաինական հակամարտության որոշակի կարգավորման պարագայում իրավիճակը կարող է փոխվել, և աճի ներքին գործոնների բացակայության պայմաններում տնտեսական աճի տեմպը կսկսի դանդաղել։ Կարևոր է արձանագրել, որ ՀՀ կառավարությունը դեռևս որևէ էական քայլեր չի ձեռնարկել ստեղծված իրավիճակից օգտվելու նպատակով: ՌԴ-ից ինչպես բնակչության, այնպես էլ կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան տեղի է ունենում առանց կառավարության աջակցության: Իրավիճակը էականորեն ավելի դրական կլիներ, եթե կառավարությունը մշակեր և իրականացներ համապատասխան քաղաքականություն ՏՏ և ֆինանսական ոլորտներում ՌԴ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև կապիտալի ներհոսքը հեշտացնելու և ՀՀ-ում հնարավորինս երկար պահելու ուղղությամբ:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով․

«ԼՈՒՅՍ» տելեգրամյան ալիք

Տեսանյութեր

Լրահոս