Սյունիքից՝ Կառավարություն. Բրյուսելից հետո դեսպանների «տնային աշխատանքը»

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Հայաստանում ՌԴ-Արևմուտք մրցակցությունը կարծես նոր սրություն է ձեռք բերում: Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո գրեթե միաժամանակ օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու եվրոպացի այլ դեսպաններ:

Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ի տարբերություն Անդրեա Վիկտորինի ու Լին Թրեյսիի, որոնք մեկ շաբաթ առաջ Երևանում մասնակցեցին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին և գովեստի խոսքեր ուղղեցին ՀՀ իշխանություններին իբրև թե ժողովրդավարական առաջընթացի և այլնի համար, ցուցադրելով իրենց հատուկ վերաբերմունքը ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, Սերգեյ Կոպիրկինն ավելի զուսպ է․ վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ ամենաքիչը հանդիպող դեսպաններից մեկն է, ինչը չի համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային, սակայն արտացոլում է այն խնդիրները, վերաբերմունքը, որոնք առկա են հարաբերություններում:

Եվ չնայած հանգամանքին, որ մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ և քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայ-թուրքական նորմալացում, հայ-ադրբեջանական բանակցություններ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, անվտանգային հարցեր, մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նաև Թրեյսիին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական բարձրաստիճան շփումներին՝ մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, օրակարգում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցերը, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը: Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դատելով դեսպանների հետբրյուսելյան համաժամանակյա քայլերից՝ այց Սյունիք, հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան պայմանավորվածություններից Մոսկվան ու Վաշինգտոնը «տնային աշխատանք» են հանձնարարել դեսպաններին, որը կապ ունի ապաշրջափակման բանակցությունների ու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ: Եվ, կարծես, դա անհետաձգելի աշխատանք է:

Այս համատեքստում ավելի հետաքրքրական է հետևել ռուսական դիվանագիտության «շարժումներին»՝ ինչպես դեսպանի սյունիքյան այցին, հանդիպմանը Փաշինյանի հետ, այլև նրան, որ ռուս դիվանագետները՝ մասնավորապես ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սկսում են հայտարարություններով անդրադառնալ Բրյուսելում կայացած բանակցությունների փաստին, փորձելով մեղադրել Բրյուսելին Մոսկվայից միջնորդի դերը «խլելու» մեջ՝ զուգահեռաբար ջանալով մի փոքր մեղմել Բրյուսելի ընդգծված կերպով ամրապնդվող միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս