Պոլիկլինիկաների մասով երևի ժամանակ ենք կորցրել, բայց սկսել ենք փոփոխությունները. Քաղաքապետ

«Պոլիկլինիկաների մասով մենք երևի բավականին ժամանակ ենք կորցրել, բայց, այնուամենայնիվ, սկսել ենք փոփոխությունները, և ամենակարևորն այն է, որ նաև շենքային պայմանները բարելավենք, որպեսզի քաղաքացիներին, բացի տեղեկանք տալուց, ծառայություններ մատուցենք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով, իհարկե, կան պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանները պետք է բարելավենք:

«Կարծում եմ՝ շատ լավ ծրագիր է»,- հավելեց քաղաքապետը, ապա Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է հիշում, որ ծրագրի շրջանակներում ժամանակին քննարկվում էր տարբեր սարքավորումներ ձեռք բերելու հարցը:

Ն.Մարտիրոսյանը պատասխանեց, որ քննարկում եղել է Եվրոպական ներդրումային բանկի գործընկերների հետ, ուղղակի խնդիրն այն է, որ ծրագիրը դիտարկվում է որպես էներգարդյունավետության ծրագիր, որը հնարավորություն է տալիս ապահովել նաև դրամաշնորհային բաղադրիչ:

«Իսկ եթե նաև սարքավորումների մասին խոսենք, ապա ծրագրի բնույթը փոխվում է, դառնում է առողջապահական բնույթի ու այդ դեպքում դրամաշնորհային կոմպոնենտի դեմ մի քիչ խնդրահարույց է դառնում: Այս կոնտեքստում հուլիսին պատվիրակության հետ փորձենք քննարկել՝ արդյո՞ք կա հնարավորություն՝ ձեռք բերելու սարքավորումներ, իսկ եթե ոչ, ապա այլ դոնորների հետ քննարկենք սարքավորումների ֆինանսավորման հնարավորության հարցը»,- մանրամասնեց ղեկավարը:

Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քննարկել, որպեսզի իմանան, եթե վերջնականապես հնարավոր չէ, ապա հասկանան, թե այլ ինչ ռեսուրսների հաշվին են իրականացնելու սարքավորումների ձեռքբերումը:

Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն անդրադարձել էր պոլիկլինիկաների միավորմանը՝ ընդգծելով, որ  դա ունի և՛ լավ, և՛ վատ կողմ:

Միքայել Մանրիկյանը նշեց՝ ամենակարևորն այն է, որ համապատասխան մասնագիտությամբ վերապատրաստված բժիշկներ լինեն, ովքեր պատրաստ են աշխատել պոլիկլինիկայում:

«Շատ լավ հասկանում ենք, որ պոլիկլինիկայում լավ մասնագետի աշխատելը շատ դժվար է, այնտեղ աշխատավարձի հետ կապված խնդիր կա: Ինձ համար այս պահին մտահոգիչ է Թիվ 4 և Թիվ 1 պոլիկլինիկաների միավորումը, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Միգուցե փուլային անցում կատարենք, որպեսզի բնակիչներն էլ կամաց-կամաց պատրաստ լինեն դրան, այլապես, ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս են սպասարկելու, եթե մարդիկ որոշեն շատ ակտիվ լինել»,- հավելել էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս