«Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս են սպասարկելու, եթե մարդիկ որոշեն շատ ակտիվ լինել». ավագանու անդամը՝ պոլիկլինիկաների միավորման մասին
Մայիսի 24-ի Երևանի ավագանու նիստում կքննարկվի Երևանի ենթակայության ներքո գտնվող մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման հարցը:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի կարծիքով՝ պոլիկլինիկաների միավորումն ունի և՛ լավ, և՛ վատ կողմ:
«Օրինակ, Նուբարաշենի պոլիկլինիկան միանում է «Նոր Արեշ» պոլիկլինիկային, բայց Նուբարաշենը չի փակվում, որպես մասնաճյուղ աշխատում է: Սակայն ունենք «Թիվ 4 պոլիկլինիկա»-ն և «Թիվ 1 պոլիկլինիկա»-ն, որի դեպքում «Թիվ 1 պոլիկլինիկա»-ն փակվում է ու լրիվ մնում է «Թիվ 4 պոլիկլինիկա»-ի վրա: Մոտավորապես 50.000 և ավելի բնակչի սպասարկման հարց է առաջանում: Հասկանում եմ՝ դա արվում է, որպեսզի շենքային պայմանները բարելավվեն, տեխնիկապես զինեն, բայց արդյոք սա արդյունք կտա՞, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Մենք արդեն շատ բողոքներ ենք ստացել բնակիչներից:
Օրինակ, Կոնդի բնակիչների պնդմամբ՝ «Թիվ 1 պոլիկլինիկա»-ի փակումն իրենց համար մեծ անհարմարություն է ստեղծելու: Մտավախություն ունեմ, որ 4-րդ պոլիկլինիկան, եթե մեծ հոսք լինի, սկզբնական շրջանում չկարողանա սպասարկել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Միքայել Մանրիկյանը նշեց՝ ամենակարևորն այն է, որ համապատասխան մասնագիտությամբ վերապատրաստված բժիշկներ լինեն, ովքեր պատրաստ են աշխատել պոլիկլինիկայում:
«Շատ լավ հասկանում ենք, որ պոլիկլինիկայում լավ մասնագետի աշխատելը շատ դժվար է, այնտեղ աշխատավարձի հետ կապված խնդիր կա: Ինձ համար այս պահին մտահոգիչ է Թիվ 4 և թիվ 1 պոլիկլինիկաների միավորումը, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Միգուցե փուլային անցում կատարենք, որպեսզի բնակիչներն էլ կամաց-կամաց պատրաստ լինեն դրան, այլապես, ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս են սպասարկելու, եթե մարդիկ որոշեն շատ ակտիվ լինել»,- հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ ըստ Երևանի ավագանու որոշման՝ մայրաքաղաքի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝ միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, և «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը: