«Հայաստանը դարձրեցին ոստիկանական պետություն. միանշանակ այդ պարգևավճարն ուղղված է փողոցային պայքարը կանխելուն». Սայաթ Շիրինյան
«Ոստիկանական համակարգում ես երբևէ նման մեծ պարգևավճար չեմ հիշում։ Իմ ծառայության ընթացքում ապրիլի 16-ին՝ ոստիկանության օրվա առթիվ, ինչ-որ չափով պարգևավճար էր տրվում այն ոստիկաններին, որոնք տույժեր չունեին, չկար ծառայողական քննություն։ Մարտի 8-ին տալիս էինք միայն կանանց, և եղել է Ամանորին, ինչպես ընդունված է ասել՝ 13-րդ աշխատավարձ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ոստիկանությանը վերջին մեկ ամսվա ընթացքում 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար հատկացնելուն։
Սայաթ Շիրինյանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձրել են ոստիկանական պետություն, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հրահանգներ է իջեցնում ԱԱԾ-ին և ոստիկանությանը․ տպավորություն է, որ կառավարությունը կազմված է այդ երկու գերատեսչություններից։
«Նրանք «սև» ուժեր էին բռնում, գազի «տալոններով» ԱԱԾ-ն էր զբաղվում, և աստիճանաբար Հայաստանը դարձրեցին ոստիկանական պետություն, իսկ երբ դառնում են ոստիկանական պետություն, հաջորդ քայլը դառնում է բռնապետությունը, ինչը բավականին երկար ժամանակ մենք ունենք։
Միանշանակ այդ պարգևավճարն ուղղված է փողոցային պայքարը կանխելուն, որպեսզի կարողանան համակարգը, այսպես ասած՝ կուռ պահեն, և հնարավոր լինի իր ոստիկաններով պայքարել հայի դեմ»,- հավելեց Սայաթ Շիրինյանը։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ պատգամավորների, այդ թվում՝ Արմեն Խաչատրյանի այն հայտարարություններին, թե ոստիկանների կիրառած ուժը համաչափ է, նրանք մահակ ու սաղավարտ չեն օգտագործել, Սայաթ Շիրինյանը նկատեց՝ Արմեն Խաչատրյանի գործունեությունը շատ լավ գիտեն՝ նա ամենավարկաբեկված ճանապարհային ոստիկաններից մեկն է եղել։
«Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ 2018 թվականին, ովքեր կանգնեցին Նիկոլ Փաշինյանի կողքին, հիմնականում վարկաբեկված անձինք են եղել՝ Գագիկ Մելքոնյան, գռզոներ, Անդանիկ Քոչարյաններ, Վիգեն Խաչատրյաններ…
Ես չեմ ուզում ոստիկանության գործողություններին որակում տալ ու ասել, թե անհամաչափ ուժ են կիրառել, դա պարզապես լկտիություն էր։ Ոստիկանները դարձել են Նիկոլի բութ գործիքը, ավելի լկտի և ստոր պահվածք ես երբևիցե չեմ տեսել։ Ես իմ գործունեությունը սկսել ու ավարտել եմ ոստիկանական համակարգում, ամբողջ գործունեությունս ուղղված է եղել ոստիկանության պատվի ու արժանապատվության բարձրացմանը։ Ինքս այսօր անհարմար եմ զգում, որ ժամանակին դրանցից շատերի հետ աշխատել եմ։ Չտեսնել ու չնկատել այսօրվա իրավիճակը, երբ երկրի ղեկավարն ուղղակի ծախել է և՛ հողեր, և՛ դավաճանել հայրենիքին, և այդքանից հետո ուղղակի ծառայեն նրան՝ նման բան ես չեմ տեսել»,- շեշտեց Սայաթ Շիրինյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ոստիկանությունը երբեք մեկ անձի չի ծառայել, և այն, ինչ այսօր ոստիկանության կողմից իրականացվում է՝ ծառայամտություն է։
«Մեծ վերապահումով եմ մոտենում Վահե Ղազարյան ոստիկանապետին, քանի որ նա որպես մասնագետ՝ շատ թույլ է։ Մենք ունեցել ենք Հայկ Հարությունյանի նման ոստիկանապետ, և նրանց մեջ զուգահեռներ անցկացնելն ուղղակի խայտառակություն է։ Այսօր առավոտյան, եթե ոչ՝ երեկ երեկոյան, ոստիկանապետը պետք է կասեցներ այն ոստիկանների գործունեությունը, որոնց գործողություններն ուղղակի ակնհայտ էին, որ օրենքից դուրս էին։
Քիչ առաջ իմ պայքարի ընկերներից մեկի ֆեյսբուքյան ուղիղ եթերն էի նայում, և այն ոստիկանը, որը մատերով խեղդում էր բողոքի ակցիայի մասնակցին՝ ծառայության մեջ էր։ Երբ նրանից փորձել են ճշտել՝ ի՞նքն է նույն ոստիկանը, թե՞ ոչ, պատասխանել է, որ՝ այո, ինքն է։ Ոստիկանությունը շարունակում է լինել Նիկոլի բութ գործիքը, և այսօր հայի ու ստահակների միջև կանգնած է ոստիկանության շղթան»,- եզրափակեց Սայաթ Շիրինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար:
«Մայիսի 14-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է մոտ 5 միլիոն դոլարի: Պաշտոնական թիվ եմ ասում, երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգևավճար: Ավելին, մայիսի 11-ին ստացել են ևս 700 միլիոն դրամ պարգևավճար, ինչը հավասար է 1.5 միլիոն դոլարի, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում մեր ոստիկանությունը ստացել է մոտ 3 միլիարդ դրամ կամ 6.5 միլիոն դոլար»,- ասել էր Իշխան Սաղաթելյանը։