Վարչապետի օգնականը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների մրցութային հանձնաժողովում

Կառավարության վերջին նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովում առաջադրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը. որոշման նախագիծն ընդգրկված էր մայիսի 13-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում:

Ըստ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ ծառայողների թեկնածուների, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների, ցուցակը համալրում է մրցութային հանձնաժողովը:

«Հանձնաժողովը կազմավորում և դրա գործունեության կարգը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ»,- օրենքի պահանջն է:

Նշված հանձնաժողովի  գործառույթների մասին՝ առավել մանրամասն.

«կազմում և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարության ձևը, ինչպես նաև մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

թեկնածուի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած թեստավորման հարցարանի երեք տարբերակները, թեստավորման անցկացման պայմանները և անցողիկ միավորը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը»:

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համար, թերևս, սա լավագույն հարթակը կհանդիսանա «մասնագիտական խորհրդատվություններ» տալու առումով:

Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով նախկին խորհրդական, այժմ՝ օգնական Աննա Վարդապետյանը Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի առաջադրման տեքստում խմբագրումներ կատարել: Ու թեև ամենօրյա ռեժիմով լուսաբանվում էր այս ոդիսականը, այդուհանդերձ, սույն մեղադրանքով քրեական գործ հարուցելու մասին որոշում այդպես էլ չեղավ:

Նկատենք, սակայն, որ քրեական գործը մերժելու վերաբերյալ ԱԱԾ հիմնավորման մեջ ըստ էության չէին հերքել, որ Նիկոլ Փաշինյանի օգնականը միջամտում է քրեական գործերի ընթացքին, սակայն նշել էին, որ քննիչը սոսկ խորհրդատվության համար է դիմել Աննա Վարդապետյանին՝ որպես ՀՀ քրեական իրավունքի «միակ և բացառիկ մասնագետի»: Անտեսել էին նաև այն հանգամանքը, որ Ա. Վարդապետյանը հաճախ է լինում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի առանձնասենյակում: Խորհրդատվության մասին հայտարարությամբ էր բավարարվել նաև Գլխավոր Դատախազը:

Տեսանյութեր

Լրահոս