«Եթե այս տարին շարունակվի առանց փոփոխության, արձանագրելու ենք նոր կորուստներ՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կողմնակից է, որ ՀՀ-ում լինի նոր իշխանություն, և միանում է Նիկոլ Փաշինյանի հեռացման ու նոր իշխանություն ունենալու պահանջին, թեպետ որոշ բաների և լուծումների հետ համաձայն չէ:
«ՀՀ-ում պետք է փոփոխություն, այս ինքնահոսը տանելու է նոր կորուստների՝ թե տարածքային, թե բովանդակային: Եթե այս տարին շարունակվի առանց փոփոխության, մենք արձանագրելու ենք նոր կորուստներ՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, և հետո մեկս մյուսի վրա ենք բարդելու՝ ներկաները՝ նախկինի, նախկինները՝ ներկաների, և լուծում չենք գտնելու: Իսկ մեր կողքին ապրող հակառակորդը իր համար «քեֆի մեջ» է լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կողմնակից է հուժկու համաժողովրդական հավաքի, և որ որպես քաղաքացի՝ հարգում է «հրապարակի» գործ անողներին:
«Եթե պետք լինի, դուրս կգամ հրապարակ և կքննադատեմ, բայց ոչ տանը նստած»,- շեշտել է «Ժառանգության» հիմնադիրը:
Ըստ Հովհաննիսյանի՝ այսօր հրամայական է, որ Հայաստանն ունենա նոր համաձայնության, նոր համախմբման իշխանություն, որը կներառի մեր հասարակության և քաղաքական դաշտի բոլոր հատվածները՝ արհեստավարժների ներգրավմամբ:
«Պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ Փաշինյանը հասկանա՝ ինքը պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից, որովհետև եթե դա չլինի, այդ բումերանգը կխփի թե՛ իրեն, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- հավելել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ հանգրվաններն ու հարթակները կարող են փոխվել, բայց հայ ժողովրդի շարժումը պետք է շարունակվի, և ժողովրդի ցասումը, պայքարը պետք է «միս ու արյուն» ստանա: