«Կառավարական բարդելը»՝ Ավանի ակադեմիայում, մեծ փողերը՝ յուրայինների գրպանում, Հակոբ Սիմիդյանի թաղի ընկերներն էլ՝ չարթերային ինքնաթիռում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և առհասարակ հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակն իրականում և փաստորեն ավելի լուրջ է, քան դա կարող է թվալ առաջին հայացքից: Եվ Նորվեգիայի հավաքականի կրած խայտառակ 0:9 հաշվով կրած պարտությունը բավականին խորն արմատներ ու պատճառներ ունի:

Ըստ էության այս թեմայով մեր առաջին հրապարակումից հետո 168.am-ը պարբերաբար նոր տեղեկություններ է ստանում հայկական ֆուտբոլային և մերձֆուտբոլային իրողությունների մասին:

Հերթական սկանդալային տեղեկությունը ստացանք Հայաստանի ազգային հավաքականի մեր ֆուտբոլիստներից: Նրանք ահազանգում էին՝ քաղաքական իշխանության մաս կազմող առանձին անհատներ խանգարում են իրենց, շեղում կարևոր խաղերից առաջ, և առհասարակ հավաքականի շուրջ այնպիսի սարսափելի մթնոլորտ է ձևավորված, որ այդ պայմաններում որևէ հաջողություն անիմաստ է ակնկալել:

Մեզ պատմեցին՝ բոլորին է հայտնի, որ հավաքականն արտագնա խաղերի մեկնում է չարթերային թռիչքով: Այդպես է ազգային հավաքականը մեկնել նաև Նորվեգիա: Միայն թե ինքնաթիռի ուղևորների կեսն առհասարակ կապ չի ունեցել ոչ հավաքականի, և ոչ էլ ֆուտբոլի հետ ընդհանրապես: Ինքնաթիռում է եղել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը՝ իր թաղի ընկերներով:

«Ով ասես, կար: Չէինք ճանաչում: Էլի թող ում ուզում են՝ բերեն, ձրի թռցնեն, հյուրանոցում պահեն ու փող տան, բայց խանգարում են թիմին ու տղեքին: Ամբողջ Արեշը ինքնաթիռի մեջ էր: Մոտ 15 հոգու ընդհանրապես չգիտեինք»,- ասացին մեզ:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ նախկինում ևս հրավիրյալ անձինք եղել են՝ նախարար կամ փոխնախարար, միգուցե պատգամավոր, բայց ոչ 1-2 հոգուց ավելի: Ավելին, մեզ ասացին, որ հրավիրյալները վճարել են անգամ իրենց չարթերային թռիչքի գումարը:

«Եղել է նման բան, որ հավաքականի հետ մեկնեն, բայց ոչ այս կերպ ու նման մակարդակով: Իսկական «քուչի բեսեդկա»»,- նշեցին մեր զրուցակիցները:

Ի դեպ, ՀՖՖ պատվիրված չարթերների արժեքներն անհամեմատ ավելի բարձր են, քան մինչ այդ արվում էր նախորդ ղեկավարության օրոք։ Ըստ լուրերի՝ չարթերներն ու ինքնաթիռների տոմսերը պատվիրվում են միջնորդավորված կերպով:

Որոշ ժամանակ առաջ էլ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, ֆուտզալի հավաքականի հետ էր մեկնել արտերկիր՝ Բուլղարիա, անգամ նկարներ էր հրապարակել: Ֆուտբոլի հետ կապ չունեցող Սիսակ Գաբրիելյանը, հետաքրքիր է, ո՞ւմ միջոցներով է մեկնել Բուլղարիա՝ աջակցելու ֆուտզալի հավաքականին:

Ի դեպ, ՀՖՖ տրանսպորտային սպասարկումն իրականացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանի աներոջ ընկերությունը, և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ռեկորդային գներով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՖՖ մատակարարումներն իրականացնում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եղբոր կազմակերպությունը:

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակման մեջ, Վանաձորի մարզադաշտի կառուցումը տրվել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերոջը, ով միաժամանակ ՀՖՖ տեխվերահսկիչն է, և ով, իբր թե նախագծում 10 սմ փոփոխության պատճառով քանդել է մարզադաշտի հանդերձարանային և ադմինիստրատիվ բլոկի՝ արդեն իսկ հոսանքով և այլ կոմունիկացիաներով մոնտաժված միջնապատերը, հետո նորից կառուցել։

ՀՖՖ շինարարությունների օդափոխության և հովացման համակարգերի մոնտաժումը տրվել է կարկառուն ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ Կարապետ Ռուբինյանի կազմակերպությանը (ըստ լուրերի՝ անհամեմատ ավելի բարձր գնով, քան առաջարկել են մյուս կազմակերպությունները)։

168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կուրացիա է անում հենց Հակոբ Սիմիդյանը, ով անգամ ՀՖՖ գործկոմի անդամ չէ:

«Բոլոր թեմաների մեջ ինքն է, այդ թվում՝ ֆինանսական, Մելիքբեկյան Արմենը անունով է Ֆեդերացիայի նախագահ: Հիմա էլ ակադեմիան են սարքել «բարդել»»,- ասացին մեր զրուցակիցները:

Պարզվեց՝ խոսքը Ֆուտբոլի Ավանի ակադեմիայի մասին է: Այն, ինչպես հայտնի է, մարզաառողջարարական կենտրոն է, ուր մարզվում, հանգստանում են բոլոր տարիքային խմբերի հավաքականների ֆուտբոլիստները, և ուր պատրաստվում են միջազգային հանդիպումներին: Ավելի պարզ ներկայացնելու համար իրավիճակի լրջությունը՝ նշենք միայն, որ Ավանի ակադեմիան ցանկացած ֆուտբոլիստի համար սրբություն սրբոց է, և հիմա փաստացի այն ծառայում է ոչ ֆուտբոլային կարիքների համար:

«Շաբաթը մեկ տղերքի համար սաունա կա նախատեսված, որ պարապմունքից հետո մտնեն, լարվածությունը թուլացնեն: Հիմա էդ մեր սաունան ծառայում է իշխանության համար: Հավաքվում են ակադեմիայում ու հիմնականում գիշերները՝ ՔՊ-ական պատգամավորները, կառավարության անդամներ, նրանց ընկերները, աղջիկներ են բերում, սարքել են «բարդել»: Ուշ ժամերի ով էլ գա, նրանց մեքենաները կտեսնի տարածքում: Ավելին` Ֆեդերացիայի իրական նախագահ Արմեն Նիկողոսյանը միլիոններով փող է հանել բյուջեից, որ ակադեմիայի լվացքատան տեղում նոր ու վերջին ճիչով սաունա սարքեն պատգամավորների ու նախարարների համար»,- ասացին մեզ:

Մարտին Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս