Toyota-ն Ճապոնիայի 8 գործարաններում կդադարեցնի աշխատանքը Շանհայում սահմանված կարանտինի պատճառով
Toyota Motor Corp.-ը մայիսին Ճապոնիայի ութ գործարաններում աշխատանքը մինչեւ վեց օր ժամկետով կդադարեցնի դետալների հետ կապված խնդրի պատճառով, որը պայմանավորված է չինական Շանհայում երկարատեւ լոքդաունով: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական ավտոկոնցեռնին:
Toyota-ն մայիս ամսվա արտադրության պլանը կրճատել է՝ 750 հազար ավտոմեքենայից հասցնելով մինչեւ 700 հազարի:
Աշխատանքը գործարաններում կդադարեցվի մայիսի 16-ից մինչեւ 21-ը, ճշտում է ավտոկոնցեռնը: Մարտին Toyota-ն իր բոլոր գործարաններում աշխատանքը դադարեցրել էր ուժեղ երկրաշարժի պատճառով, որը նույնպես հանգեցրել է պահաստամասերի անբավարարության:
Ավելի վաղ Toyota-ն մարտ ամսվա արտադրական պլանները կրճատել էր 50 հազար ավտոմեքենայով, այնուհետեւ ապրիլին՝ 150 հազար մեքենայով, ինչպես նաեւ նախազգուշացրել է մայիսին եւ հունիսին նպատակային ցուցանիշների համեմատությամբ արտադրության նվազեցման հավանականության մասին:
Չինաստանը պահպանում է «զրոյական համբերություն» COVID-19-ի նկատմամբ քաղաքականությունը: Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի միջոցով եւ պարտադիր կարանտին այն անձանց համար, որոնք շփվել են ախտահարված քաղաքացիների հետ:
Այսպես, Շանհայում միլիոնավոր քաղաքացիներ արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում են մեկուսացման ռեժիմի պայմաններում:
Բացի Շանհայից, եւս տասնյակ չինական քաղաքներում գործում են լիակատար կամ մասնակի լաքդաուններ: Նման քաղաքականությունը տնտեսական կորուստների է բերում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: