Գերմանիայում գնաճն ապրիլին հասել է 7,4 տոկոս ռեկորդային մակարդակի

Գերմանիայում գնաճն ապրիլին կազմել է 7,4 տոկոս, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր: Այդ մասին հաղորդել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

Վիճակագրական գերատեսչության տեղեկատվությամբ՝ ապրիլին սպառողական գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 7,4 տոկոսով: Վերջին անգամ գնաճը նման մակարդակի է հասել 1981 թվականի աշնանը, երբ նավթի գները կտրուկ բարձարացան Իրանա-իրաքյան պատերազմի հետեւանքների պատճառով:

Մարտ ամսին ԳԴՀ-ում գնաճը կազմել է 7,3 տոկոս, փետրվարին՝ 5,1 տոկոս, իսկ հունվարին՝ 4,9 տոկոս: Մատի համեմատությամբ ապրիլին սպառողական գներն աճել են 0,8 տոկոսով:

«Գնաճի մակարդակը Գերմանիայի միավորումից հետո նոր մակարդակի է հասել երկրորդ ամիսն անընդմեջ»,- նշել է Դաշնային վիճակագրական գերատեսչության ղեկավար Գեորգ Տիլը:

Ըստ որում ճշտվում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո բնական գազի եւ նավթամթերքի գներն զգալիորեն բարձրացել են եւ էական ազդեցություն են գործում գնաճի մակարդակի վրա: Բացի դրանից, դիտվում են էներգապաշարների մատակարարումների հետ կապված խնդիրներ մատակարարումների շղթաների ընդհատումների հետեւանքով, որոնց պատճառը համավարակն է եւ էներգակիրների գների զգալի աճը:

Սակայն ոչ միայն էներգակիրներն, այլեւ այլ ապրանքներ, ինչպիսին սննդամթերքն է, նույնպես թանկացել է Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին: Մասնավորապես, ապրիլին սննդամթերքի գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 8,6 տոկոսով: Ամսական արտահայտությամբ գների աճը կազմել է 3,6 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս