«Երեկվա դրությամբ Սոթքի ոսկու հանքն աշխատել է. թշնամին երբ ուզում, սադրանքների է դիմում, դրան մեր կողմից դիմադրել է պետք». Գեղամասարի համայնքապետ
Մայիսի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում դիմել էին սադրանքի։ Թշնամին կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով աշխատակիցներին, որի արդյունքում հանքավայրի աշխատակիցներից մեկը վիրավորվել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։
168.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ համայնքում այս պահին իրավիճակը նորմալ է։
«Երեկվա դրությամբ Սոթքի ոսկու հանքն աշխատել է, միջադեպ չենք ունեցել։ Բայց այսօր այնպես է, որ երբ թշնամին ուզում է, սադրանքների է դիմում, դրան մեր կողմից դիմադրել է պետք, որպեսզի իրենք ռիսկ չանեն։ Եթե թշնամին նման քայլերի է դիմում, ապա մեր կողմից պետք է պատասխանը կոշտ լինի»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Ինչ վերաբերում է այդ միջադեպի վերաբերյալ կառավարության և Արտգործնախարարության լռությանը, Հակոբ Ավետյանը նկատեց՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը։
«Ես հենց այս ամենի համար էլ այսօր պայքարում եմ, որպեսզի այդ իշխանությունը հեռանա»,- հավելեց Հակոբ Ավետյանը։
Ինչ վերաբերում է թշնամու գործողություններին և դրան ի պատասխան՝ ՀՀ իշխանության կողմից տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու քարոզներին, Հակոբ Ավետյանն ասաց, որ միայն «խաղաղության դարաշրջանի» վերնագիրն է լավը, իսկ դրա բովանդակությունն ամբողջությամբ կործանարար է։
«Այդ օրակարգը Հայաստանի իշխանություններին թելադրում է Թուրքիան, դա ինչպես կարող է լավը լինել։ Մարդիկ մոլորվում են այդ օրակարգի վերնագիրը տեսնելիս, իշխանությունն էլ քարոզում է, թե որոշ ուժեր իրենց չեն թողնում, որպեսզի հասնեն խաղաղության, բայց դրա հիմքում ընկած է մեր հայրենիքի կործանման նպատակը»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։