
Ադրբեջանցի զինված ուժերի կրակոցներից վիրավորվել է Սոթքի հանքավայրի աշխատակիցը․ նրա վիճակը կայուն է

Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանցի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցը։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, տեղի է ունեցել աշխատակիցների տարհանում, որպեսզի ապահովենք նրանց անվտանգությունը։ Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան և այսօր ցերեկվա ժամերին ակտիվացել են, որի հետևանքով ունենք 1 վիրավոր, մեր աշխատակիցն է՝ Սոթքի հանքավայրի հորատողը։ Վնասվածք է ստացել սրտի կողմում՝ ձախ թևին, բարեբախտաբար, ներքին օրգանները չեն վնասվել, աշխատակիցն այս պահին գտնվում է հոսպիտալում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
168.am-ը փորձել է տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն ստանալ նաև Պաշտպանության նախարարությունից, սակայն պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին ուղղված մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն առայժմ մնացել են անպատասխան։