Հայաստանի իշխանությունները պետք է մանրամասն հետաքննեն մամուլի աշխատակիցների վրա հարձակումները . CPJ
Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ:
Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, երբ որ նա լուսաբանում էր ցուցարարներին ձերբակալող և ծեծի ենթարկող ոստիկաններին:
Ֆիդանյանն ասել է, որ սև դիմակներով ոստիկանները մի քանի անգամ հրմշտել են իրեն, երբ նա լուսաբանել է բողոքի ցույցերը, թեև հստակ տեսանելի է եղել նրա լրագրողական քարտը։ Ֆիդանյանը պատմել է, որ հրմշտել են նաև AntiFake-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել նրան, սակայն համաձայնել են չձերբակալել նրան լրագրողների միջամտությունից հետո։
Բացի այդ, բողոքի ցույցի ժամանակ MediaHub տեղական լրատվական կայքի թղթակից Նարե Գևորգյանը մոտեցել է երկրի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցրել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին: Հովհաննիսյանը հարվածել է Գևորգյանի խոսափողին, իսկ ՊՊԾ աշխատակիցը խոչընդոտել է MediaHub-ի օպերատոր Արման Ղարաջյանին, պահանջել շրջել տեսախցիկը, ապա հարվածել սարքին: Երբ լրագրողները հրաժարվել են կատարել պահանջները, Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Ղարաջյանի ոտքին։
«Իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, առավել ևս, երբ այն կիրառվում է ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր պարտավոր են օրինակ ծառայել լրատվամիջոցների նկատմամբ իրենց վերաբերմունքով, – ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի բոլոր կիրառումները և ապահովեն, որ լրատվամիջոցների աշխատակիցները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»:
Հայաստանի դատախազությունում հետաքննություն է սկսվել Ղարաջյանի վրա Հովհաննիսյանի կողմից ենթադրյալ հարձակման փաստով: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի վերահսկողության տակ է Պետական պահպանության ծառայությունը, անպատասխան են թողել CPJ-ի՝ մեկնաբանություն ստանալու հարցումը:
Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Երևանում ոստիկանության աշխատակիցները հրել էին Caucasian Knot տարածաշրջանային լրատվական կայքի թղթակից Տիգրան Պետրոսյանին, երբ վերջինս փորձում էր նկարահանել բողոքի ցույցը:
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր Yerevan Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը, երբ նա փորձել էր խորհրդարանում հարցազրույց վերցնել նրանից: Անցյալ տարվա հունիսին Սարգսյանը նույն կերպ խլել էր մեկ այլ լրագրողի հեռախոսը, որը փորձում էր հարցազրույց վերցնել իրենից:
CPJ-ը նամակով դիմել է Սարգսյանին մեկնաբանության համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հրապարակման է պատրաստել aravot.am-ը։