
Ֆինլանդիան մարտ ամսին ռուսական նավթի ներմուծումը կրճատել է 70 տոկոսով

Ֆինլանդիան մարտ ամսին Ռուսաստանից նավթի գնումները 70 տոկոսով կրճատել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ֆիննական մաքսատան պաշտոնական տվյալները: Նավթի ներմուծումն արժեքային արտահայտությամբ 45 տոկոսով ընկել է 2021 թվականի մարտ ամսվա համեմատությամբ:
«Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի առեւտրական հարաբերություններն աստիճանաբար խախտվում են»,-նշել է Danske Bank A/S-ի ավագ տնտեսագետ Պասի Կուոպամակին:
Նաեւ Ֆինլանդիայի իշխանությունները հաղորդել են, որ 2021 թվականին երկիրը Ռուսաստանից ներմուծել է բնական գազի 92 տոկոսը: Մարտ ամսին գազի ներմուծման արժեքը տարեկան հաշվարկով կտրուկ բարձրացել է 282 տոկոսով՝ հասնելով 151,4 միլիոն եվրոյի: Դրա հետ մեկտեղ երկիրն արտադրում է գազով աշխատող էլեկտրակայանների սպառվող էլեկտրականության ընդամենը 5 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: