«Վաղը ժամը 8:15-ից կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները. կպարալիզացնենք քաղաքը». Իշխան Սաղաթելյան
«Նիկոլ, դու իրավիճակին չես տիրապետում, մի հատ ժողովրդի կամքը նայիր»,- Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց՝ ինչ պլանավորել են՝ մի քանի բան առաջով գնում է. «Վախենում եմ՝ նախատեսված օրից էլ շուտ սրանց տապալենք»:
Իշխան Սաղաթելյանը Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից առաջ ընդգծեց, որ իշխանությունները ժողովրդի կողմից բանակցելու մանդատ չունեն, անիմաստ չչարչարվեն, քանի որ, ըստ նրա՝ մի քանի օրից իշխանություն չեն ունենալու և իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից:
«Գիտեմ՝ Ալիևն ու Էրդողանը շատ են տխրելու, բայց ըմբռնումով կմոտենան»,- ընդգծեց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու են մնալ Ֆրանսիայի հրապարակում. «Վաղը առավոտվանից՝ 8:15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները: Այսօր ունեինք մի դժվարություն և խնդիր՝ մեր հայրենակիցները անընդհատ ասում էին՝ ո՞ւր մոտենանք, ո՞ր փողոցը փակենք, ի՞նչ անենք: Պատրաստ էին վճռական, բայց չգիտեին՝ որ հատվածում լինել: Ուրեմն՝ տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը: Մեր մյուս հայրենակիցներին ժամը 8:30-ից սկսած սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձևավորենք խմբեր և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»:
Դիմելով հանրահավաքին մասնակցող բազմահազար քաղաքացիներին՝ նա նկատեց. «Պատկերացրեք՝ վաղը բոլորդ լինեք գործողության մեջ, ի՞նչ է տեղի ունենալու՝ Նիկոլի իշխանության վերջը: Երբ դուք հարցնում եք՝ ո՞ր օրն է այդ օրը, հենց այդ օրը, երբ յուրաքանչյուրդ արդեն կոնկրետ գործողություն կանեք»:
Նա առաջարկեց վարորդներին՝ վաղը Երևանում իրենց մեքենան վարել առավելագույնը 15կմժ արագությամբ. «Խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասեն՝ նոր շարժվեն, մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք: Սա նաև նկատի ունենան այն վարորդները, ովքեր պատրաստ են միանալ այս պայքարին՝ սրանով ևս քաղաքը կպարալիզացնեն»:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ քանի որ այսօր իրենք սահմանափակվել էին միայն մայրաքաղաքով, Փաշինյանը ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացրել էր Երևանում. «Ուրեմն՝ վաղը պետք է փակենք նաև մարզային ճանապարհները: Վաղը առավոտվանից կոչ եմ անում մեր մարզերում գտնվող հայրենակիցներին միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»: