Մոսկվան թույլ չի տալու Փաշինյանին «բացել» Խաղաղության դարաշրջանի վերջին «դուռը»

Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է բացել իր հայտարարած, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի «վերջին դուռը», Խաղաղության համաձայնագիր կնքելով Ադրբեջանի հետ, ավելի գլոբալ նպատակ ունենալով արմատապես փոխել Հարավային Կովկասի գեոպոլիտիկ պատկերը, աշխարհաքաղաքական օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան քաղաքականության շուրջ։ Խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակի շուրջ Նիկոլ Փաշինյանի հետ ներկայումս միակամ են Ադրբեջանը, Թուրքիան և հավաքական Արևմուտքը, որը, ինչպես ԱԺ-ում իր վերջին «դրամատիկ» ելույթի ընթացքում բացահայտեց Նիկոլ Փաշինյանը, Հայաստանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:

Խաղաղության փաշինյանական օրակարգն ընդդիմախոսներ ունի

Թեև միֆական միջազգային հանրությունից որևէ մեկը չստանձնեց այս հայտարարության պատասխանատվությունը, ավելին, չմեկնաբանեց, թե ինչ ասել է՝ կարգավիճակի նշաձողի իջեցում, Հայաստանում և Արցախում այն ընկալվեց՝ որպես Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն ուղղված նախապատրաստական ելույթ, չնայած տեսնելով հասարակական արձագանքները՝ իշխանական վերնախավն անհուսալի փորձեր արեց ապացուցելու, որ Փաշինյանի հայտարարությունները սխալ են ընկալվել, և, որ չկա փաստաթղթի որևէ պրոյեկտ։ Փաշինյանի «խաղաղության օրակարգն» այդ ելույթից հետո հատկապես ունի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ընդդիմախոսներ հայաստանյան ընդդիմության, Ռուսաստանի և Արցախի տեսքով։ Կարծիքների այս տարանջատումն ավելի ընկալելի դարձավ վերջին տասնօրյակի ընթացքում, երբ կայացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության այցը Երևան։ Հատկապես ուշագրավ էին շեշտադրումները, որոնք արեցին Փաշինյանն ու Հարությունյանը։ Դրանցում կային էական տարբերություններ, թեև Նիկոլ Փաշինյանը կարծես նպատակ ուներ Արայիկ Հարությունյանին տեղափոխել իր խաղաղության օրակարգ, զուգահեռաբար՝ թե ներսում, թե դրսում ցույց տալով, որ Հայաստան-Արցախ տարաձայնություններ դրա, ինչպես նաև ռուս խաղաղապահների դերակատարության շուրջ չկան։

Ինքնորոշման իրավո՞ւնք, թե՞ արցախահայության իրավունքներ Փաշինյանի ու Հարությունյանի շեշտերը տարբեր էին

Մնալով իր նախորդ բոլոր հայտարարությունների տրամաբանության շրջանակում՝ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Խաղաղության օրակարգը, որպես պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ: «Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք, և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,- նշել է Փաշինյանը՝ որևէ կերպ չխոսելով Արցախի անկախ, ինքնորոշված կարգավիճակի մասին, կրկին կարևորելով պարզապես արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը, որը փորձագիտական հանրությունը դիտարկում է՝ որպես Արցախի անկախությունից լիովին հրաժարում և Ադրբեջանի կազմ թողնելու քաղաքականություն։

Չմերժելով Խաղաղության օրակարգը՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: «Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի»,- ասել է ԱՀ նախագահը՝ կարևորելով անվտանգային բաղադրիչը և դրանում Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը։

Փաշինյանի ու Ալիևի թիրախը՝ ռուս խաղաղապահներ

Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական զրույցը Փաշինյանն ավարտեց՝ խոսելով անվտանգությունից, արձանագրելով իր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստի առնչությամբ։ «Շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում»,- ասել է Փաշինյանը, ըստ էության լիովին կասկածի տակ դնելով անվտանգային այն համակարգը, որը ապահովում են ռուս խաղաղապահները։

Այլ հարց է, իհարկե, այն, որ, մեղմ ասած, դեռ չբացահայտված է, թե ինչ տեղի ունեցավ Փարուխում, և ինչու ռուս խաղաղապահները ադրբեջանական զինուժին առաջխաղացում թույլ տվեցին։ Այս հարցը դեռ հիմնավոր պաշտոնական պարզաբանում չի ստացել, սակայն Փաշինյանի կողմից այս հարցի մշտական տորպեդահարումը նրա քաղաքականության ու թիրախները հանրության համար ավելի հասկանալի է դարձնում։ Թեև Մոսկվայում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կարևորում էր խաղաղապահների ներկայությունն Արցախում, որպես անվտանգային գործոն, Երևանում նա ըստ էության հող նախապատրաստեց նաև ռուս խաղաղապահ զորակազմի կարգավիճակը փոխելու խոսակցությունները բացելու համար։

Այս հարցում ևս Փաշինյանն ու Ալիևը միակամ են, վերջինս, ինչպես հայտնի է, մանդատ չի տվել ռուս խաղաղապահների ներկայության համար Արցախում։ Որոշ փորձագիտական կարծիքների համաձայն, Ալիևը, որը նոյեմբերի 9-ից հետո չէր ցանկանում տեսնել ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ոչ արևմտյան որևէ երկրի միջնորդի տեսքով, նախօրեին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց, թե ԵՄ-ն համարում է ազնիվ միջնորդ, ողջունելով Բրյուսելի ջանքերը: «Եթե Մինսկի խումբն այժմ չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերը կատարել կարգավորման գործընթացում,- ասել է Ալիևը՝ շարունակելով,- Մենք սատարում ենք դրան և արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները… Բրյուսելը դարձել է իմ հիմնական այցելությունների վայրը»:

Ուկրաինական թատերաբեմում ծավալվող իրադարձություններին և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությանը զուգահեռ՝ Բրյուսելի, Բաքվի, Անկարայի էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերը սկսել են խորապես համընկնել, որոնք գլոբալ առումով Բրյուսելի համար ուղղված են ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանն Արցախից և տարածաշրջանային մեգակոմունիկացիոն, էներգետիկ պրոյեկտներին, իսկ Բաքվի համար՝ Արցախի ամբողջական կլանմանը և հայաթափմանը։ Եվ թե այս թևում ի՞նչ է անում, Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ շահեր է հետապնդում իր անհասկանալի խաղաղության դարաշրջանով Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անհասկանալի է։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի բառապաշարից դուրս են գալիս Արցախի՝ որպես առանձին սուբյեկտի մասին հիշատակումները։ Չափազանց հատկանշական դրվագ էր, որ այսօր, այսպես կոչված, քաղաքացու օրվան նվիրված Նիկոլ Փաշինյանի ուղերձից բացակայում էր «Կեցցե Արցախը» ավանդական բառակապակցությունը։

Մոսկվան Երևանին ու Բաքվին վերադարձնում է ռուսական հարթակ

Փաշինյան-Միշել-Ալիև Խաղաղության համաձայնագրին ուղղված ոգևորված աշխատանքի վրա կարծես «սառը ջուր է լցնում» Մոսկվան։ Եվ չնայած նախօրեին Ալիևը բացահայտեց, որ սպասվում են մայիսին բարձրաստիճան շփումներ Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև ըստ էության ապրիլի 6-ի Միշելի օրակարգով Փաշինյանի ապրիլի 19-ի մոսկովյան այցից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի շարք հետաքրքրական հայտարարություններ արեց․

  • Բրյուսելն ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
  • Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները և շարունակում է ակտիվ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը, խաղաղ պայմանագրի համաձայնեցումը:
  • Հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի անցկացման վերաբերյալ:
  • Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա մինչև այս շաբաթվա վերջ ծրագրված են շփումները Բաքվում ԱԳՆ գծով:
  • Մենք, այսպես թե այնպես, մնում ենք գոյություն ունեցող ձևաչափերում, տեսնում ենք, որ այնտեղ աշխատանքն ընթանում է: Հիմնական նշանակությունը տալիս ենք այն փաստաթղթերի ձևաչափերին և իրականացմանը, որոնք միասին իրական արդյունք են տալիս: Այդ արդյունքը զգում են խաղաղ բնակիչները, տնտեսական օպերատորները, տարածաշրջանն ընդհանրապես։

Ռուսական փորձագիտական և դիվանագիտական շրջանակները 168am-ի հետ զրույցներում նշում են, որ Մոսկվայի համար ներկայումս կարևոր է միայն սահմանազատման և տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգերը, իսկ կարգավիճակի հարցը Մոսկվան ներկայումս չի դիտարկում՝ ցանկանալով հնարավորինս երկարաձգել իր խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունն Արցախում, որը արևմտյան հարթակում Խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում անհնար կդառնա։

Սրանով էլ բացատրվում են ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունները, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հիմք է դիտարկվում բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները և գլխավորապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հնարավոր դարձրեց խաղաղապահների մուտքն Արցախ։ Այսինքն՝ Արցախի կարգավիճակի ցանկացած քննարկում ներկայումս Մոսկվայի համար երկրորդական հարց է, ավելին՝ Արցախում սրա հետ խնդիր չեն տեսնում և համարում են, որ պետք է գնալ գործընթացի երկարաձգման՝ հարմար պահի ինքնորոշման իրավունքի առաջմղման նպատակով։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ձգտում է օր առաջ հասնել իր պատկերացրած «կարգավորմանն» արևմտյան հարթակում։ Հասկանալիորեն շտապում է՝ ինչպես Ալիևը, այնպես էլ՝ Արևմուտքը, քանի որ ուկրաինական ելքը կարող է քար գցել այս գործընթացի վրա, գուցե ապագայում ամրապնդելով Մոսկվայի դիրքերը։ Այլ հարց է՝ դա դրակա՞ն է, թե՞ ոչ։

Այնուամենայնիվ հայկական դիվանագիտության, իշխանության գերխնդիրը պետք է լիներ անկայուն աշխարհաքաղաքականության և նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին մանևրելը, հայկական շահերը և գլխավորապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելը, հայկական շահերը չզիջելը, քանի որ Արցախի շուրջ ծավալվող զարգացումներում այս կամ այն կերպ արտացոլվում են բոլոր կողմերի ու միջնորդների շահերը՝ բացառությամբ Հայաստանի ու Արցախի։

Տեսանյութեր

Լրահոս