«Կա՛մ-կա՛մ է. կա՛մ մենք ենք պատմությունից գնում, կա՛մ իրենք են իշխանությունից գնում». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներն օգտագործելու է մեկ վայրկյան ավել իշխանության մնալու համար, բայց ըստ նրա՝ ժողովուրդը ողջախոհ է և թույլ չի տա, որ փողոցում արյուն թափվի:

«Մեր ժողովուրդը շատ հրաշալի հատկանիշներ ունի, որոնցից մեկն այն է, որ երբ դանակը հասնում է ոսկորին, զգում է, որ բոլոր ելքերը սպառված են, անհնար է թվում ամեն ինչ, ինքը դառնում է և՛ հնար, և՛ ելք: Այդպես Սարդարապատ է եղել, այդպես ավելի վաղ է եղել, և այդպես  այսօր է: Երբ տեսավ, որ բոլոր ելքերը սպառվել են, ոտքի ելավ: Միշտ, ցավոք, մի քիչ ուշ է արթնանում, եթե մեկ տարի առաջ արթնացած լիներ, այդ մեկ տարվա կորուստները չէինք ունենա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հուսիկ Արայի խոսքով՝ ազգի վատ հատկանիշներից է վախվորածությունը, չըմբոստանալը, չընդվզելը. «Բոլոր շերտերի մեջ դա կա, իսկ առավել ևս մտավորականը դրա իրավունքը չունի: Թումանյանի, Իսահակյանի հոդվածներն ենք կարդում, մյուսներինը, արևմտահայ հեղինակներինը՝ այդպես եղել է և՛ 100-150 տարի առաջ, և՛ դրանից շատ առաջ: Ցավալի է, որ այսօր քիչ մտավորականներ են խոսում: Եթե 10 հազար մտավորական լուռումունջ կանգներ հրապարակում՝ սրանք ոռնալով փախչելու էին, բացառված է, որ չփախչեին. Դուրս գային մանկավարժներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլք: Չգիտես՝ ինչու, մտածում են՝ վայ, հանկարծ աշխատանքից չհանեն, և այլն»:

Դիտարկմանը՝ հիմա իշխանությունները փորձում են այնպես ներկայացնել, թե փողոցային պայքարն ընդդեմ խաղաղության է, նա արձագանքեց. «Ո՞ր խաղաղության, այն խաղաղության, որ Թուրքիան ասում է՝ անցակետ եմ տեղադրում Թալեաթի անունո՞վ: Ուղիղ ասում են՝ հայեր, ցեղասպանության միջով եք նորից անցնելու: Այն խաղաղությա՞ն, որ Ալիևն ասում է՝ հիմա սահմանագծումը պետք է անենք նախասովետական քարտեզներով, հայերը պետք է ընդունեն, որ Զանգեզուրն ու Երևանը Ադրբեջանի տարածք են: Էլ ի՞նչ մնաց: Ասում է՝ ես հրամայում եմ, որ Հայաստանը չպետք է ունենա բանակ, որ հայերը չպետք է 5 մլն դառնան:

Այսինքն՝ հայ կանանց արգանդի վրա էլ են արգելք դնում, հայ կանայք պետք է զանգեն-ասեն՝ պարոն Ալիև, թույլ տալի՞ս ես հղիանանք, թե՞ ոչ: Այսինքն՝ ստրկություն, հպատակություն, և սա դեռ սկիզբն է: Մեր ժողովրդի մեծ մասը լավ է ճանաչում թուրքին:

Ես արյունով գիտեմ թուրքին, ես ցեղասպանությունից մազապուրծի թոռ եմ և լավ եմ զգում՝ թուրքն ինչ բան է. սա դեռ սկիզբն է: Նա 10 պահանջ ասում է, դու դեռ երեքը չկատարած՝ 20 պահանջ էլ է դնում առջևդ»:

Նա նկատեց՝ Ադրբեջանից հոխորտում են, թե հայերը ոչինչ չունեն, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում. «Իրանն է մեզ պաշտպանում՝ ասելով՝ Սյունիքի քարտեզն էս ի՞նչ եք արել, Թավրիզում հայոց պատմության թանգարան հիմնեք, այ փալասներ, տեսեք՝ հայերն ով են, դուք ով եք: Պարսիկն է մեզ պաշտպանում, մենք մեզ պաշտպանել չենք կարողանում այսօր, դա է խայտառակությունը: Սա է ինձ սպանում, ոչ թե սարքովի պարտությունը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ պարտությունը հաղթանակ է դառնալու, բայց այդ ապուշների ծաղրը ինձ սպանում է, գոնե մի բառ այստեղից ասեն: Գորշ գայլերի նշանն է ցույց տալիս դրանց ԱԳ նախարարը, այստեղից ոչ մի ծպտուն, և վազում են նորից բանակցելու:

Ասում է՝ հայեր, ձեզ մորթելու ենք, մենք թևերը բաց՝ վազում ենք այդ յաթաղանի առա՞ջ: Ախր, այդպես չի լինում, այդպես խաղաղություն չի լինում: Ես հիմա մտածում եմ՝ այդ մարդիկ իրենց ղեկավարով դավաճա՞ն են, զոմբի՞ են, թե՞ մանկուրտ են: Դրանք ոչնչություն են, անգամ խաշամ չկան. խաշամն ավլելիս՝ ճռռում է, սրանք չեն ճռռում, ոնց որ անապատի միրաժ լինեն: Մի հատ պետք է մեր աչքերը փակենք-բացենք՝ այդ միրաժը չքանա, և այսօր այդ ենք անում. մի հատ աչքերս փակենք-բացենք, այդ միրաժը չքանալու է, ժողովուրդ ջան, այդ խաբկանքը, այդ տեսիլքը»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից գեներացվող ադրբեջանական թեզերին, նա հետևյալն ասաց. «Հայաստանի իշխանություններն ավելի թուրք են, քան թուրքը: Ալիևն ու Էրդողանը պետք է Փաշինյանի մոտ թրքության դասերի գան: Ես դա ասում եմ ուղիղ կերպով: Ալիևն ու Էրդողանն այնքան իրենց համար սրտացավ ու պաշտպանողական չեն, որքան սա, երբ ասում են՝ Երևանն Ադրբեջան է, նա չի ժխտում, ասում է՝ մենք էլ մի ժամանակ ասում էինք՝ Բաքուն հայկական է, բայց մենք երբեք նման բան չենք ասել, անգամ՝ գյուղապետի մակարդակով նման բան չի ասվել: Ինչ ասում է թուրքը՝ այդ մարդը չի ժխտում»:

Դիտարկմանը՝ միայն Փաշինյանը չէ, իր թիմակիցներն էլ են նույն թեզերը գեներացնում, նա արձագանքեց.

«Իր կլոնները հանուն շահի, հանուն պաշտոնի կրկնում են: Ե՞րբ ուշքի կգան, գուցե այն ժամանակ, երբ Փաշինյանը կթռնի ու իրենց կթողնի կրակի մե՞ջ, թե՞ մեկ օր առաջ: Աննախադեպ ժամանակ ենք ապրում, երբեք հայն այդքան թուրք չի եղել, նկատի ունեմ՝ սրանց իշխանությունը: Սրանց թուղթուգիր են արե՞լ, ներարկո՞ւմ են արել, արդեն սկսում եմ այլ տեղեր գնալ, որովհետև որևէ կերպ մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, որևէ ազգի, որևէ պետության  մեջ նման երևույթ դեռ չի եղել, ոնց որ մեզ հետ հիմա է կատարվում, որ գա մի իշխանությունը՝ քո երկիրը ամբողջովին զոհաբերի թշնամուն»:

Բանաստեղծը նկատեց՝ գործող իշխանությունների մնալը նշանակում է՝ պատերազմ. «Սրանց գնալով՝ խաղաղություն է լինելու, հիշեք խոսքս: Սրանք շատ շուտով գնալու են, և պատերազմ չի լինելու, մենք մեր տարածքները խաղաղ ճանապարհով ենք հետ բերելու, մենք Հայաստանի սահմանները խաղաղ ճանապարհով ենք վերականգնելու»:

Հուսիկ Արան ընդգծեց՝ այլ տարբերակ չկա՝ գործող իշխանությունները պետք է հեռանան. «Կամ՛-կա՛մ է. ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է, որ կա՛մ մենք ենք պատմությունից գնում, կա՛մ իրենք են իշխանությունից գնում, և, բնականաբար, իրենք են իշխանությունից գնալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս