Բաժիններ՝

ԵՄ-ի էներգետիկայի հարցերով նախարարների արտահերթ հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին

Եվրամիության երկրների էներգետիկայի հարցերով նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն մայիսի 2-ին՝ ռուսական գազի մատակարարումների եւ ռուբլով վճարումների քննարկման համար: Ապրիլի 29-ին Լեհաստանի հեռուստատեսության եթերում այդ մասին հայտարարել է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան:

«Մայիսի 2-ին շտապ կարգով կգումարվի էներգետիկայի հարցերով նախարարների խորհուրդ: Այդ հարցը (ռուսական գազի գնման եւ ռուբլով վճարումների) կլինի քննարկման գլխավոր կետերից մեկը: Ես հույս չունեմ, թե երկրները պարզորոշ կարտահայտվեն, բայց, հնարավոր է, մենք իմանանք ավելին: Նույնիսկ եթե երկիրն ավելի վաղ ռուբլով վճարումներ է հայտարարագրել, նա կարող է դրանից հրաժարվել»,- ասել է Մոսկվան:

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտնել է, որ լիովին դադարեցրել է գազի մատակարարումները Բուլղաիայի «Բուլղարգազ» ընկերությանը եւ Լեհաստանի PGNiG-ին՝ սահմանված ժամկետում ռուբլով չվճարելու պատճառով: Սակայն Լեհաստանը շարունակում է գնել ռուսական գազը, չնայած այն հայտարարություններին, թե դա չի անի:

Նոր սխեմայով վճարելուց հրաժարվելու պատճառով Ռուսաստանից ուղիղ մատակարարումների դադարեցումից հետո ռուսական գազը Լեհաստան է գնում ռեվերսով Գերմանիայից «Յամալ – Եվրոպա» գազատարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս