
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինայի համար «լենդ-լիզ»-ի օգտին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սենատից հետո ապրիլի 28-ին հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ-լիզ»-ի օրինագծին, որը կոչված է դյուրացնել Կիեւին ռազմական օգնության ցուցաբերումը։
Փաստաթղթին հավանություն է տվել ձայների ճնշող մեծամասնությունը՝ 417 կողմ եւ 10 դեմ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները: «Օրինագիծն ԱՄՆ-ի վարչակազմին իրավունք կտա 2023 ֆինանսական տարվա ընթացքում ռազմական տեխնիկա տրամադրել Ուկրաինային եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների: Դրա հետ մեկտեղ նման տեխնիկայի տրամադրումը Ուկրաինային առաջվա պես պետք է իրականացվի այն օրենքներով, որոնք վերաբերում են դրա հետագա վերադարձմանը»,-ասվում է Կոնգրեսի կայքում զետեղված փաստաթղթին կից նկարագրության մեջ: Ապրիլի 6-ին փաստաթուղթն ընդունվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից: Այժմ օրինագիծը կներկայացվի Սպիտակ տուն՝ նախագահ Ջո Բայդենի ստորագրման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: