Լարված իրավիճակ ՔՊ գրասենյակի մոտ․ Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ՀՀԿ երիտասարդներին ու ակցիայի մասնակիցներին (լրացվում է)

18։49

Բերման է ենթարկվել 10-ից ավելի մարդ, առնվազն 3-ը մարմնական վնասվածքներ ունեն, սպասում ենք շտապօգնության բրիգադի ժամանմանը, փաստաբանն արդեն գտնվում է ոստիկանական բաժանմունքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով, որևէ բացատրություն այս ամենին չկա, ընդամենը «կապիտուլյանտը վախենում է, երբ մոտենում են կապիտուլյանտների որջին», ու ստիպված են ոստիկանները դրան ծառայել:

«Ինչքան ուզում են թփրտան այս իշխանությունները, միևնույնն է չեն կարողանալու կասեցնել տեղի ունեցողը, ոչ իրենց ուժը կհերիքի, ոչ դուխը,- նշեց Հայկ Մամիջանյանը:

18։40

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ այս պահին գտնվում են բերման ենթարկված իրենց ընկերները: Ոստիկանության բաժանմունքի մոտ նույնպես հնչում են՝ «Առանց թուրքի Հայաստան» և «Նիկոլ դավաճան» կոչերը: ՀՀԿ երիտթևը որոշում է կայացրել մնալ բաժանմունքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել իրենց ընկերները:

18:20 

Բողոքի ակցիայի մասնակիցները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ երթով շարժվում են դեպի ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ այս պահին գտնվում են բերման ենթարկված իրենց ընկերները: Նրանք կասկածներ ունեն, որ ոստիկանական բաժանմունքում նույնպես ցուցարարների նկատմամբ կարող է ուժ կիրառվել:

18:15

168.am-ի հետ զրույցում պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ անհամաչափ ուժ է կիրառվել ՀՀԿ երիտթևի նկատմամբ, փորձում են պարզաբանումներ ու հիմնավորումներ ստանալ ոստիկաններից:

18։10

Իրավիճակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ շարունակում է լարված մնալ: Վիճաբանություն է սկսվել Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի և քաղաքացիական հագուստով ոստիկանների միջև:

18։05

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»: Ոստիկանական ուժերն ավելանում են, նրանք թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին անցնել փողոցն ու մոտենալ գրասենյակին: Քաղաքացիական հագուստով ոստիկանները գետնին տապալելով ու քարշ տալով բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փորձում է ոստիկաններից ճշտել, թե ինչ հիմնավորմամբ են ոստիկանները խոչընդոտում ակցիայի մասնակիցների տեղաշարժին:

18։.00

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա է  իրականացնում ՀՀԿ երիտթևը: Գրասենյակի մոտ կենտրոնացված ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակին՝ հիմնավորելով դա անվտանգության նկատառումներով:

Իրավիճակը լարված է: Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, ակցիայի մի քանի մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկում:

Տեսանյութեր

Լրահոս