Ինչպե՞ս 1918 թվականին թուրքերը գրավեցին Խրամորթն ու Քարագլուխը
1918 թվականի աշնանն Արցախում իրավիճակը նորից լարվում է։ Արդեն իսկ սեպտեմբերի 21-ին թուրքական զորքերն Ասկերանի ուղղությամբ անցնում են հարձակման։ Նրանց նպատակն էր՝ գրավել հայկական գյուղերն ու ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։
Սեպտեմբերի 21-ի առավոտյան թուրքական զորքերի հարձակմանը դիմադրում են հայ մարտիկները։ Մարտերին զուգահեռ՝ փորձ է արվում թիկունքից զինամթերք ստանալ, սակայն փորձերն ապարդյուն են անցնում, քանի որ զինամթերքի բացակայության ու թուրքական զորքերի թվային առավելության շնորհիվ նրանք կարողանում են գրավել Արցախի հայկական մի շարք բնակավայրեր․
«Թուրքերը ուժեղ գրոհով գրաւում են Ասկերանի աջ կողմում գտնւող Մորիշէնլու գիւղը, սակայն Քեաթուկ ու Փիրջամալ, Վարազաբուն գիւղերի մարտիկները սպայ Արշաւիր Պետրոսեանի ղեկավարութեամբ ուժեղ դիմադրութիւն են ցոյց տալիս և, բաւականաչափ կորուստներ պատճառելով, թշնամուն յետ մղում։ Ղլիզբաշ, Խրամորթ, Քարագլուխ գիւղերի և Ասկերանի մարտիկները ձախ կողմում շարունակում են պաշտպանւել, առանց մի քայլ զիջելու թշնամուն։ Դալի Մահրասան, Մուսան, Աղասին Ալէքսան դայու ղեկավարութեամբ յամառութեամբ յետ են մղում թշնամու գրոհները, և Քարագլխի առջև թշնամին բաւական կորուստներ է ունենում»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 228-229)։
Հաջորդ օրն առավոտյան Գերասիմ Մելիք Շահնազարյանն ու Գրիգոր Ղարագյոզյանը բանակցությունների նպատակով մեկնում են Աղդամ։ Աղդամում նրանք փորձում են բանակցել թուրք-թաթարական զորքերի հրամանատարական կազմի հետ, սակայն բանակցություններն ապարդյուն են անցնում, քանի որ արդեն իսկ կեսօրին թուրքական զորքերը նոր գործողություններ են սկսում։
«Կէսօրից անց թուրքերը Միւրիշէնլուից թիկնանց են կատարում՝ գրաւելով Դամրազ գիւղը և սպառնում թիկունքից Քեաթուկի, Փիրջամալի և Վարազաբոյնի ուժերին։ Շարունակւում է դիմադրութիւնը երկու ճակատի վրայ։ Առաւօտեան Ղլիզբաշ, Խնարտ, Խրամորթ, Քարագլուխ գիւղերի դիմաց կատաղի կռիւները շարունակւում են մինչև երեկոյ, ու թէև թրքական ուժերը մի քանի անգամ զգալի կորուստներով յետ են մղւում, այնուամենայնիւ, դադար չեն տալիս մեր մարտիկներին, որոնց փամփուշտը սպառւելու վրայ լինելով, երկարատև դիմադրութիւն ցոյց տալու հնարաւորութիւն չկար այլևս, բացի դրանից, թուրքերը Ասկերանի աջ կողմից Միւրիշէնլու և Դամրազ գիւղերը գրաւելով, անցել էին մեր ուժերի թիկունքը, որոնք չէին կարող դիմադրութիւն ցոյց տալ, այն էլ երկու ճակատի վրայ, մանաւանդ, որ փամփուշտի պաշարից զուրկ էին։ Անգամ եթէ ձախ թևի ուժերը անհրաժեշտ քանակութեամբ փամփուշտ ունենային, դարձեալ չպիտի կարողանային դիմադրել, որովհետև, թուրքերն արդէն գրաւել էին Ասկերանի աջ թևի բարձունքների վրայ, և, ի լրումն այդ ամէնի, ձախ կողմի հրամանատար Ալէքսան դային վիրավուել էր երկու տեղից և փոխադրւել թիկունքի գիւղերից մէկը՝ Խանձք, քանի որ ի վիճակի չէր հետևելու կռւի ընթացքին։ Այնպէս որ, մեր ուժերը մութն ընկնելուց նահանջում էին, ձախ կողմի ուժերը դէպի Սարդարաշէն, և աջ կողմի ուժերը դէպի հարաւ»։ (Նույն տեղում՝ էջ 229)։
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո հաջորդ օրը ևս մարտական գործողությունները շարունակվում են։ Սեպտեմբերի 23-ին թուրքական զորքերը գրավում են Քարագլուխն ու Խրամորթը։ Նրանց առաջխաղացումն ավելանում է և արդյունքում թուրքական զորքերը գրավում են նաև Վարազաբույնը, Ղլիզբաշը, Խանարատը, Քեաթուկը, Փիրջամալը, Նախիջևանիկն ու Ասկերանը։ Կարճ ժամանակ անց Ասկերանի և նրա շրջակա գյուղերի անկման լուրը տարածվում է Արցախում։ Ասկերանի և շրջակա գյուղերի անկումը դրդում է համագումարի նիստ գումարել։ Նիստին համագումարի անդամներն ունեին տարբեր տեսակետներ։ Ոմանք կարծիք են հայտնում, որ պետք է խաղաղությունը չխախտել և հարևանների հետ հաշտ ապրել։ Ոմանք ցանկանում էին շարունակել զինված դիմադրությունը, սակայն գիտակցում էին, էին, որ զենքի ու զինամթերքի բացակայության դեպքում անհնար է պայքար մղել թուրք-թաթարական մեծաքանակ զորքի հետ։ Մինչ համագումարի մասնակիցները փորձում էին վերլուծել ու որոշում կայացնել, արդեն իսկ երեկոյան պարետ Հասան Բասրի բեյը մարդկանց ցանկ է ուղարկում և նշում, որ շտապ ներկայանան իրեն։
Նախորդ դարում Ասկերանի շուրջ ստեղծված իրադարձությունները փաստում են, որ Ասկերանի ու նրա շուրջը գործող ռազմավարական բարձունքների նկատմամբ թուրք- թաթարական մերօրյա ցանկություններն ամենևին էլ նորություններ չեն։ Ասկերանի գյուղերի, բարձունքների նկատմամբ նրանց հավակնություններն առնվազն ունեն 100 տարվա պատմություն։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ թուրքերը երբեք պատրաստ չեն խաղաղ ապրել հայերի կողքին և առիթի դեպքում միշտ կփորձեն առաջ շարժվել։ Ցավալիորեն մեզանից շատերը սա չգիտեն, կամ էլ գիտեն, սակայն չեն ցանկանում դասեր քաղել պատմությունից։
Շարունակելի․․․․
Զ․ Շուշեցի