
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մթագնելու փորձերից

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ հորդորում է ձեռնպահ մնալ նահատակների հիշատակն Ապրիլի 24-ի խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից: Հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի համաքաղաքացինե՜ր:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ:
Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:
Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները:
Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»: