«Միայն նրանց հետքաշումից հետո պետք է խոսել սահմանագծման մասին, որովհետև այսօր նրանք մտել են ՀՀ սուվերեն տարածք». Ռուբեն Գալիչյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը՝ առաջ բերելով իրենց դիրքերը։ Նրանք ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և ամրացրել դիրքերը, նույնն արել են նաև Արցախի Հանրապետությունում։

Մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ կողմերը կանգնում են այն տեղերում, որտեղ նոյեմբերի 9-ի դրությամբ կանգնած են եղել։ Այս իրավիճակում ՀՀ իշխանությունը շտապում է Ադրբեջանի հետ քննարկելու խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները, որն էլ ըստ էության ենթադրում է սահմանազատում ու սահմանագծում։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն  անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նկատեց՝ Հայաստանի ներկա սահմանները, որի վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, վերջին անգամ ստորագրվել ու վավերացվել է 1970-ական թվականներին։

«Այդ քարտեզների մեջ այն տարածքները, որոնք ժամանակին՝ 1920-30-ականներին, Հայաստանից վերցվեցին ու տրվեցին Ադրբեջանին, նրանց տարածքում են։ Սակայն, ըստ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի, ադրբեջանցիները պետք է վերադառնային Խորհրդային սահմաններին։ Այսինքն՝ այն տարածքները, որտեղ նրանք այսօր առաջ են եկել տարբեր շրջաններում՝ սկսած Շորժայի, Սև լճի տարածքից և այլ վայրերից, նրանք դա արել են ապօրինի՝ իրենց իսկ ստորագրած քարտեզներին հակառակ։

Գիտե՞ք, ադրբեջանցիներն ինչ են արել՝ Խորհրդային վավերացված քարտեզները վերցրել, գծել են իրենց սահմանները, դրանք մեծացրել են, տպել ու դրել են իրենց զինվորների ձեռքը և ասել՝ դրանք են քարտեզները։ Սակայն դրանք չեն քարտեզները, եթե հիմա պետք է սահմանազատում ու սահմանագծում անեն, ուրեմն՝ այն բոլոր վայրերից, որտեղ այսօր ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն առաջ են եկել նախորդ տարվա մայիսից սկսած՝ պետք է հետ գնան իրենց ելման դիրքեր։ Միայն նրանց հետքաշումից հետո պետք է խոսեն սահմանագծումից, որովհետև այսօր նրանք մտել են ՀՀ սուվերեն տարածք»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Քարտեզագետի խոսքով՝ թեև իրատեսական չէ, որ զինված ադրբեջանցի զինվորները հետ կվերադառնան իրենց ելման դիրքեր, բայց այդուամենայնիվ, մինչև նրանք հետ չգնան, նա համարում է, որ  անիմաստ է սահմանազատում իրականացնել։

«Ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց վավերացրած սահմաններին, միայն  դրանից հետո հայկական կողմը Ադրբեջանի հետ  կարող է խոսել սահմանագծման մասին։ Հակառակ դեպքում անմիտ է խոսել սահմանագծման մասին։ Այս գործընթացը պետք է կազմակերպի Ռուսաստանը, քանի որ նա, լինելով ՀԱՊԿ անդամ, պետք է մեզ օժանդակի»,- հավելեց Ռ. Գալիչյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրականության մեջ ադրբեջանական կողմը չի հարգում ու չի կատարում նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի կետերը և միակողմանի անցել է սահմանագծման աշխատանքներ իրականացնելուն։

«Այս համատեքստում էլ նրանք առաջ գալով՝ մտնում են ՀՀ տարածքներ։ Այդ համաձայնագրի մեջ Խորհրդային սահմանները նշված են, որպեսզի զինվորները կանգնեն այդ սահմաններին, բայց ադրբեջանցիներն առաջ են գալիս այն հատվածներում, որտեղ սահմանապահներ ու զինվորներ չկան՝ հակառակ 1970-ական թվականներին իրենց իսկ վավերացրած քարտեզների»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Տեսանյութեր

Լրահոս