Բաժիններ՝

«Փոխանակ կրթահամակարգը բարձրացնեն՝ փակո՞ւմ են». Կրթության փորձագետը՝ ՀՊՏՀ Եղեգանձորի մասնաճյուղի փակման մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։

Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, սակայն, չեն համակերպվում այս մտքի հետ՝ նշելով, որ ապակենտրոնացման կամ մարզերի զարգացման մասին խոսելուն զուգահեռ՝ փակում են բուհերի մարզային մասնաճյուղերը, ինչը նշանակում է, որ խթանում են մարզից արտագաղթը: Մասնաճյուղի փակման դեպքում կտուժեն Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, քանի որ նրանցից շատերը պատրաստվում են կրթությունը շարունակել այնտեղ։ Վատթարանալու է առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող դիմորդների և նրանց ընտանիքների վիճակը։ Պոտենցիալ ուսանողների մեծ մասը պարզապես չեն կարող շարունակել իրենց կրթությունը, ինչը բացասաբար կազդի նրանց ճակատագրի վրա։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է՝ մոտեցումը սխալ է, և պետք է ընդունելությունը շարունակվեր:

«Կարծում եմ, որ ընդունելությունը մասնաճյուղում չարգելելու դեպքում դիմորդներ լինելու էին: Այդ տարածքում, փաստորեն, միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ մասնաճյուղն էր, որը համայնքակենտրոն նշանակություն ուներ:

Պետք է հասկանանք, որ այն մտավորականության որոշակի ներկայություն է ապահովում: Բացի սա՝ կադրերը սովորում և այնտեղ են մնում, որովհետև շատ դժվար կլինի՝ Եղեգնաձորից մեկը գա, Երևանում սովորի, հետո նրանց քանի՞ տոկոսն է վերադառնում: Իսկ մենք մեր մարզերը պահելու խնդիր ունենք:

Սխալ մոտեցում է սա, և կարծում եմ՝ այստեղի լավագույն դասախոսները ժամանակ առ ժամանակ կարող էին նաև այցելել մարզային բուհեր, դասեր տալ, շփվել,- մեզ հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով,- Թեկուզև կարող էին փոքր քանակով ուսանողներ ունենալ, բայց բուհը պահելը շատ կարևոր նշանակություն պետք է ունենար, և ես մտածում էի, որ տեղական իշխանությունները պետք է դրան ընդդիմանային, բայց, ցավոք, որևէ ընդվզում չեղավ՝ բացի երիտասարդները, ուսանողները: Փոխանակ կրթամակարգը բարձրացնեն՝ փակո՞ւմ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս