Կին համայնքային ոստիկանը գրպանահատին բռնել էր դեպքի վայրում
Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գողություն էր եղել: Անցորդ կանանցից մեկի դրամապանակը բաց էր եղել, հանցամիտն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ դրամապանակից 50 000 դրամ էր թռցրել: Տուժողը չէր նկատել գրպանահատին` ի տարբերություն ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկան Ռուզաննա Փերոյանի, որը աշխատանքից տուն էր վերադառնում: Նա հետապնդել էր, բռնել գրպանահատին, ապա 1-02 էր զանգել ու խնդրել, որ կարգախումբ մոտենա:
Ժամանած պարեկները համայնքային ոստիկանի հետ կասկածվողին բերման ենթարկեցին Էրեբունու բաժին:
Գորիսի բնակիչ, 47-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդու մոտ նաև ծալովի դանակ կար:
Հանգամանքները պարզվում են։