«Հաջորդ քայլերը կախված չեն միջազգային հանրությունից, չգիտեմ՝ ինչ միջազգային հանրության է հղում անում Փաշինյանը». Ռիչարդ Կոզլարիչ
Հարավային Կովկասում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տասնամյակներ շարունակ զբաղվող դիվանագետները տեղյակ չեն, թե ինչ ռեկոմենդացիաներ է տալիս, այսպես կոչված, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին:
Օրերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ՝ բացելով որոշ փակագծեր, թե ինչպիսին է լինելու ԼՂ հակամարտության, այսպես կոչված, կարգավորման ուրվագիծն իր իշխանության կողմից բանակցվելիք Խաղաղության համաձայնագրի շրջանակում:
Արցախի կարգավիճակի հարցում զիջումների պատրաստակամությունը նա, ըստ էության, փորձեց բարդել միջազգային հանրության վրա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ո՞ր երկրին կամ միջազգային կազմակերպությանը նկատի ունի:
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»,- ասել էր նա՝ շարունակելով, թե հակառակ դեպքում միջազգային հանրությունն ասում է՝ իր վրա հույս չդնել ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում ՀՀ-ին օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող։
Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԱԺ-ում Փաշինյանի այս ելույթը ողջունել էր միմիայն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ներկայումս համակարգում է Երևան-Բաքու բանակցությունների բրյուսելյան միջնորդությունը: Մարտի 30-ին նա Բրյուսելում կազմակերպել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին հաջորդեց ապրիլի 6-ին Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը Բրյուսելում:
Օրերս՝ ապրիլի 12-ին էլ հայտնի դարձավ, որ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հետ:
168.am-ը Բրյուսելի միջնորդության հեռանկարների, միջազգային հանրության դիրքորոշման և առաջարկների, ինչպես նաև Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթությունների շուրջ զրուցեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ռիչարդ Կոզլարիչի հետ:
Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումները նշանակալից էին։
Պաշտոնաթող դիվանագետն ասաց, որ ավելի լիահույս կլինի, եթե սա բովանդակային շարունակություն ունենա Բաքվի և Երևանի միջև՝ ստեղծվեն կոնկրետ խնդիրների լուծման մեխանիզմներ:
«Դրանք ներառում են սահմանագծում, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանություն, տրանսպորտային կապեր, փախստականների և տեղահանվածների վերադարձ և խաղաղության և հաշտեցման մեխանիզմ, որպեսզի երկու երկրների հասարակությունները կարողանան նորմալ բարիդրացիական հարաբերություններ զարգացնել: Ես, սակայն, մտահոգված եմ, որ երկու առաջնորդներն էլ անհրաժեշտ են համարում դիմել Պուտինին երկկողմ առաջընթացի հարցում։ Պուտինն Ուկրաինայի դեմ իր ցեղասպան գործողություններով որակազրկել է իրեն՝ որպես տարածաշրջանում դրական դերակատարություն ունեցող գործչի։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դա հասկանան և համապատասխանաբար գործեն»,- այս կարծիքին է նախկին դեսպան Կոզլարիչը։
Հարցին, թե օրերս ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հղում արեց միջազգային հանրությանը՝ ասելով, թե իրեն առաջարկում են իջեցնել Արցախի կարգավորման հարցում ՀՀ նշաձողը, միջազգային հանրություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը կամ, օրինակ, ԱՄՆ-ը նման ակնկալիք ունի՞ Հայաստանից, Կոզլարիչն արձագանքեց՝ ասելով.
«Ես չգիտեմ, թե ով է այն միջազգային հանրությունը, որին հղում է անում Փաշինյանը: Ես մտավախություն ունեմ, որ երբ նա և Ալիևը դիմում են միջազգային հանրությանը, նրանք ներառում են իրենց «դաշնակից» Պուտինին: Հաջորդ քայլերը կախված չեն միջազգային հանրությունից. Դրանք Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատվությունն են։ Բաքուն և Երևանը պետք է անդրադառնան այս խնդիրներին ուղղակիորեն և երկկողմանի»:
Նա այն կարծիքին է, որ այն արտաքին խաղացողները, որոնք իսկապես շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատմամբ, ակնկալում են լուրջ դիվանագիտություն ինքնիշխան և անկախ պետությունների միջև, որը կհանգեցնի բովանդակալից խաղաղ գործընթացի:
Խոսելով ներկայիս փուլում Հարավային Կովկասում ԱՄՆ առաջնահերթությունների մասին՝ Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունները մեկ նպատակ ունեն՝ դադարեցնել Պուտինի «մարդասպան և ցեղասպան պատերազմն Ուկրաինայում»։
«Վաշինգտոնը կենտրոնացած է Ուկրաինայի համար միջազգային աջակցության ձևավորման և խիստ պատժամիջոցների ռեժիմի կիրառման վրա՝ ստիպելով Պուտինին դադարեցնել մարտերը և դուրս բերել իր բոլոր զորքերն Ուկրաինայից: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, ապա ԱՄՆ-ը ցանկանում է կանխել պատերազմի վերսկսումը և աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին՝ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասաց Ռիչարդ Կոզլարիչը։