Գառների լռությունը: Վիճակը նետված է
Հայաստանն ու Արցախը «մատաղացու գառան» հետ համեմատելու Նիկոլ Փաշինյանի այլաբանությունը, բացի այլ բացահայտ նպատակներից, ունի նաև թաքնված թիրախ․ դա հասարակության դիմադրողականության ստուգումն է։ Հենց հասարակության արձագանքից ու հակազդեցությունից է կախված՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ դատավճիռը և թույլ տալի՞ս է Նիկոլ Փաշինյանին՝ իրեն «փրկել մատաղից» իր առաջարկած պայմաններով, որոնք նույնական են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ, թե՞ այդուհանդերձ ունի գոնե նվազագույն դիմադրողականություն, որը գործում է կարմիր գծերը հատելու պարագայում։
Հանրության արձագանքը կարևոր, չափազանց կարևոր է այս դեպքում, քանի որ դրա բացակայությունը, այսինքն՝ հանրային լռությունը նշանակելու է, որ Նիկոլ Փաշինյանի հակահայկականությունը ոչ միայն նրա ու նրա իշխանության, այլ նաև հայ հասարակության որոշումն է։
Լռությամբ հանրությունը լեգիտիմացնելու է Արցախի հանձնումն ու Հայաստանի վախճանի առնվազն սկիզբը։
Հասարակության լռությունը այս դեպքում համարժեք է լինելու հայտնի թրիլլերի գառների վարքագծին, որոնք լռությամբ գնում էին մորթվելու։ Նիկոլ Փաշինյանն էլ այս համեմատության մեջ ներկայանում է նույն սյուժեից հայտնի հանիբալ Լեկտորի կերպարով, իհարկե, չունենալով վերջինիս իմացությունը։ Բայց տվյալ դեպքում կարևոր է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կերպարը, այլ հանրության արձագանքը, որը կարող է լինել ցանկացած դրսևորմամբ, բայց ոչ լռությամբ։
Սա «լռությունը ոսկի է» պարագան չէ, այլ ճիշտ հակառակը։
Լռությունն ավելի հնչեղ է դարձնելու Արցախի վրա դրվող գերեզմանաքարի դղրդյունը և աշխարհին հնարավորություն է տալու դա գնահատել՝ որպես համազգային լեգիտիմություն ունեցող «խաղաղություն»։
Հասարակությունը լռելու իրավունք չունի։ Բայց լռության հակառակն ինքնանպատակ աղմուկը չէ նաև։
Հասարակությանը նետված է մարտահրավեր՝ ցույց տալու, որ կամ ունի «գառների լռությունից» տարբերվող վարքագիծ, կամ չունի մարդուն անասունից տարբերող հիշողություն, որի մասին պատգամել է Հրանտ Մաթևոսյանը։
Վիճակը նետված է։
Հարություն Ավետիսյան