«Իմ հայրը և մյուսներն իրենց կյանքը գիտակցաբար չեն դրել հայրենիքի զոհասեղանին, որ դասալիք ստորաքարշ կոլաբորացիոնիստները նման դիսկուրս ունենան». Ասպրամ Կրպեյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների Արցախ մեկնելու որոշումն ապրիլի 5-ի հանրահավաքի տրամաբանական շարունակությունն էր.
«Ապրիլի 5-ին հավերժական Հայաստանի համար պայքարողները դուրս եկան փողոց և հստակ իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ մանդատ չեն տվել այս ստորաքարշ կոլաբորացիոնիստներին, որ իրենց անունից Արցախ հանձնեն, իրենց անունից Ցեղասպանությունը ուրանան, հայկական պետականությունը տանեն կործանման: Քառօրյայի քաղաքական բոյկոտը և մեր՝ հավերժական Հայաստանի օրակարգը Արցախ տեղափոխելը ինձ համար շատ բնական շարունակությունն էր: Հենց այդպես էլ արեցինք»:
Նրա խոսքով՝ Արցախի դրոշը հավերժական պայքարի, հանձնառության, նվիրումի խորհրդանիշն է, իսկ իշխանությունները, ըստ պատգամավորի՝ անարգեցին այն. «Փորձում էին հակադրություն փնտրել Հայաստանի և Արցախի դրոշների մեջ, իսկ հակադրություն փնտրողները կա՛մ ազգությամբ թուրք են, կա՛մ կոլաբորացիոնիստ, որովհետև Արցախի դրոշը միասնության, հավերժական պայքարի և միացյալ հայրենիքի խորհրդանիշն է: Մենք ճանապարհին էինք, և մեզ համար արդեն պարզ էր, որ ամեն կերպ խոչընդոտելու են մեր՝ Արցախ այցը»:
Պատգամավորը համոզված է, որ ՀՀ իշխանություններն են խոչընդոտել ընդդիմադիր պատգամավորների Արցախ այցը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներին, նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո իր համար հստակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հակահայ է. «Մարդ, ով նման արժեքների կրողն է, հայ կոչվելու իրավունք չունի: Մարդ, ով կանգնում և ասում է՝ զոհվել են, և այդ զոհերը եղել են հանուն այս դիսկուրսի կայացման, ես հիմա հստակ հայտարարում եմ, ո՛չ, իմ հայրը և հազարավոր մյուսները իրենց կյանքը գիտակցաբար չեն դրել հայրենիքի զոհասեղանին, որ դասալիք ստորաքարշ կոլաբորացիոնիստները գան և նման դիսկուրս ունենան՝ ՀՀ գլխավոր ամբիոնի մոտ: Մենք հիմա իրապես ամենավճռական փուլում ենք: Երեկվա ինքնախոստովանությունը եկավ ապացուցելու մեր բոլոր պնդումները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում