Հայաթափ Արցախ, զոհերի անվանական ցանկերի բացակայություն և ձախողված բանակցություններ. Կառավարությունն ամփոփում է 2021թ. արդյունքները

Այս օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխող քաղաքական ուժն իր իսկ մեծամասնություն կազմող խմբակցությանը ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագրի 2021թ․ կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։ Թեև բուն զեկույցի ներկայացումը շատ հաճախ շեղվում է քաղաքական հայտարարություններով, այնուամենայնիվ հրապարակված կատարողականի զեկույցը թույլ է տալիս ամբողջական պատկեր ձևավորել այս կամ այն ոլորտի շուրջ տարված աշխատանքների և արձանագրված արդյունքների վերաբերյալ։

Հաշվի առնելով, որ զեկույցի ներկայացման շուրջ ելույթների մեծամասնությունը վերաբերում էին Արցախին, 44-օրյա պատերազմին և բանակցային գործընթացին՝ մենք առաջնահերթ անդրադառնում ենք Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի հենց այդ թեմաներին առնչվող կետերին։

1. Կառավարությունն իր ճանապարհային քարտեզում հանձն էր առել զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովմանը։ 2021թ. կատարողականի զեկույցում Կառավարությունը, արդեն որպես արդյունք, նշում է, որ պատերազմում հայկական կողմից զոհվել են 3736 զինծառայող, 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող դեպքերի հետևանքով Զինհիմնադրամի շահառու են դարձել 3701 զոհված և անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներ, 114 զինծառայող՝ որպես 1-ին խմբի, և 413 զինծառայող՝ որպես 2-րդ խմբի հաշմանդամ:

Առաջնահերթ հարկ է նշել, որ Զինհիմնադրամը, որի գործունեությունը նախաձեռնվել էր դեռ 2016թ.-ին նախկին իշխանությունների կողմից և այժմ հիշատակվում է ներկայիս իշխանության Կառավարության կատարողականի զեկույցում, բազմիցս քննադատվել է գործող իշխանությունների ընդդիմություն եղած ժամանակ։ Եթե չլիներ նախորդ իշխանության հեռատեսությունն ու հետևողականությունը, Կառավարությունը դժվար թե կարողանար լուծել այս ահռելի սոցիալական խնդիրը։ Միևնույն ժամանակ, պետք է հիշել նաև, որ հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ապահովվել է քաղաքացիների հարկային բեռի ավելացման միջոցով, այնպես որ, հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել՝ որպես կառավարության աշխատանքի պոզիտիվ արդյունք։

Արձանագրենք, որ մինչ օրս հրապարակված չէ զոհված զինծառայողների անվանական ցանկը, ինչը հիմնավոր կասկածների հիմք է ստեղծում, որ ներկայացված թիվը միտումնավոր խեղաթյուրվում է։ Ուշագրավ է, որ արդեն իսկ ս.թ. ապրիլի 13-ին ԱԺ-ում նշյալ զեկույցի ներկայացման ժամանակ վարչապետ Փաշինյանը հիշատակել է այլ թիվ՝ 3825՝ զեկույցում ներկայացված 3736-ի փոխարեն

2. Կառավարությունը խոստանում էր ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ և ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը։ Իսկ որպես արդյունք՝ նշում է, որ ՀՀ-ում շարունակում են բնակվել պատերազմի արդյունքում տեղահանված 20.000-ից ավելի արցախցիներ։

Անգործության հետևանքներն ակներև են՝ Արցախում ոչ միայն չի վերականգնվել բնականոն կյանքը, այլ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների, Ադրբեջանի կողմից հոգեբանական, տնտեսական և հումանիտար ճնշումների տարբեր մեթոդների կիրառման հետ։

Ավելորդ է խոսել արցախցիների՝ հայրենի օջախներ վերադառնալու մասին, քանի որ որևէ քայլ չի կատարվել Ադրբեջանի կողմից զավթված Շուշի, Հադրութ և Արցախի օկուպացված այլ տարածքներ հայ բնակչության վերադարձի ուղղությամբ։ Ավելին, հայ բնակչության իրավունքների վերականգնման և Արցախի՝ առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի խնդիրն առհասարակ բացակայում է գործող իշխանությունների հայտարարություններից և հռետորաբանությունից։

Դա էլ բավական չէ, Արցախում հայրենի օջախի կորստի փաստի առջև կանգնել են նոր բնակավայրեր, ու դրա ամենաթարմ օրինակը Փարուխ գյուղի հայաթափումն է։ Նմանօրինակ խնդրի առաջ է կանգնած նաև Հայաստանի Հանրապետությունը։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2021թ.-ին հայրենի օջախները ստիպված են եղել լքել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Շուռնուխում բնակվող քաղաքացիները։ Հաշվի առնելով գործող իշխանությունների հայտարարությունները ՀՀ վերահսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքների» մասին, առկա է ՀՀ այլ բնակավայրերի՝ Տիգրանաշենի, Ոսկեպարի և այլնի նման սպառնալիքի առջև կանգնելու հավանականություն։

3. Կառավարությունն իր ճանապարհային քարտեզում մասնավորապես կարևորում էր Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Որպես նշյալի արդյունք՝ Կառավարությունը կատարողականի զեկույցում նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունել են 11 հայտարարություն, որոնցում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Զեկույցում չի նշվում, սակայն, որ 2021թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններից աստիճանաբար դուրս է մղվել հայտնի սկզբունքների և տարրերի, նույնն է թե՝ Մադրիդյան սկզբունքների հիշատակումը։ Վերջին անգամ համանախագահները հիմնարար սկզբունքները հիշատակել են 2021թ. ապրիլի 13-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, իսկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո համանախագահների տարածած հայտարարություններում այդ թեմային անդրադարձ ընդհանրապես չի կատարվել։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման հարցին, ապա այստեղ Կառավարությունը ձախողել է, և դա է վկայում այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ բոլոր առանցքային պայմանավորվածություններն այդ ընթացքում ձեռք են բերվել այլ ձևաչափերով՝ Մոսկվայի և Սոչիի եռակողմ հայտարարությունները, բրյուսելյան հանդիպումները, գերիների, ականապատման քարտեզների փոխանակում և այլն։ Այս ամենի հետ զուգահեռ՝ վերջերս ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության համատեղ աշխատանքների խափանման մասին, ինչը թեև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, սակայն նաև ՀՀ գործող իշխանությունների տարօրինակ քաղաքականության՝ ՄԽ-ը շրջանցելու և համանախագահների բազմամյա ջանքերն արժեզրկելու, նրանց հիմնազուրկ պահանջներ ներկայացնելու (Մադրիդյան սկզբունքները պարզաբանելու մասով) անհեռատես քաղաքականության արդյունք է։

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս