
««Լավ ապրելու» միֆի ներքո այս իշխանությունը պատրաստ է զոհաբերել անգամ հայրենիքը․ «լավ ապրել»-ն իշխանությունները միայն իրենց համար են նախատեսում»․ Ելենա Կիրակոսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գաղտնքի չէ, որ այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Դրանք գնալով ավելանում են այս իշխանության հետևողական արկածախնդիր քաղաքականության, այլ ոչ թե առկա խնդիրներն ընդդիմախոսների կողմից փաստագրելու և բարձրաձայնելու հետևանքով, ինչպես փորձում են մանիպուլացնել իշխանության ներկայացուցիչները:
Մենք չենք պատրաստվում հետևել իշխանության ցուցումներին և ջայլամի քաղաքականության վարել՝ անտեսելով մեր քաղաքացիների համար անվտանգային, սոցիալական, իրավական լրջագույն խնդիրները, ձևացնելով թե մեզ համար կենսական հարցերում Թուրքիային և Ադրբեջանին արվող զիջումները պարտություն չեն, այլ «դրական ազդակ» կամ «խաղաղության դարաշրջան»:
Իբրև թե «լավ ապրելու» միֆի ներքո այս իշխանությունը պատրաստ է զոհաբերել անգամ հայրենիքը: Իրականում «լավ ապրել»-ն իշխանությունները միայն իրենց համար են նախատեսում, զոհողություններն էլ են միայն իրենց խմբակի «լավ ապրելու» համար: Դրա ամենավառ ապացույցներից էր նվազագույն աշխատավարձը բարձրանելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մերժումը խորհրդարանական մեծամասնության կողմից: Նախաձեռնությունը, որը շատ կարևոր էր մեր քաղաքացիների համար գնաճի ներկայիս տեմպերի պայմաններում:
Սակայն իշխող ուժն այլ առաջնահերթություններ ունի՝ պահել աթոռները՝ հնարավորին վայելելով այդ կարգավիճակը՝ թանկարժեք մեքենաներ, պարգևավճարներ, տուրիստական բնույթի գործուղումներ….
Մենք մանդատ ենք ստացել ժողովրդի կողքին լինելու, ժողովրդի խնդիրներին լուծում տալու համար: Վերջին մոտ մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ խորհրդարանում դա անելը օր-օրի գրեթե անհնար է դառնում»: