Ազդակները բացասական են․ Ադրբեջանը հրաժարվում է բացել ճանապարհները և Հայաստանից պահանջում է ոչ թե ճանապարհ, այլ՝ տարածք․ քաղաքագետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

– Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ խաղաղության պայմանագիրը տարանջատել Արցախի հարցից։

– Կարծում եմ՝ հնարավոր չի լինի, քանի դեռ արցախյան խնդրին որոշակիություն չկա։ Այսինքն՝ Արցախի անվտանգություն, անվտանգության երաշխիքներ, կարգավիճակ․․․ քանի դեռ հստակություն չկա, ցանկացած այլ հարց, այդ թվում նաեւ՝ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, կարող է պարզապես վերածվել թղթի կտորի եւ հազիվ թե հանգեցնի վերջնական խաղաղության։ Հետեւաբար, ակնհայտ է, որ եթե խոսքը խաղաղության դարաշրջանի մասին է, ինչպես իշխանություններն են ասում, կամ տեւական կայուն խաղաղության մասին, ապա պիտի բուն խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգության երաշխիքների հարցը։

– Բրյուսելում որոշվեց, որ մինչեւ ապրիլի վերջ դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է կազմավորվի։ Մի՞թե հնարավոր է սահման գծել, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչել, բայց Արցախի հարցը դրա մեջ չներառել։

– Խնդիրն այն է, որ Ադրբեջանը դրան չի համաձայնի։ Ադրբեջանը պնդում է, որ միայն մեկ հարց կա, երկրորդ հարցը չկա։ Ո՛չ Ղարաբաղ կա, ո՛չ Ղարաբաղի հարց կա, ո՛չ էլ Ղարաբաղի կարգավիճակի հարց կա։ Իհարկե, մենք պիտի փորձենք տարանջատել այդ երկու հարցերը, բայց հստակ ֆիքսել, որ կան երկու հարցեր։ Եվ ոչ թե, եթե համաձայնում եք մի հարցի, նշանակում է ընդունում եք, որ երկրորդ հարց չկա։ Հայաստանը պիտի փորձի տարանջատել, բայց հստակ արձանագրել, որ գոյություն ունի երկու հարց, որոնք պետք է կարգավորվեն զուգահեռաբար։ Որովհետեւ, եթե մեկը չի կարգավորվում, մյուսի կարգավորումն անիմաստ է։ Բանակցություններից եկող ազդակները գնահատում եմ բացասական։ Առաջինն այն էր, որ Արցախի անունն ընդհանրապես չհիշատակվեց։ Եթե խնդիրն Արցախի մասին էր, ի՞նչն էր խանգարում, որ ուղիղ անուն տրվեր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոմունիկացիաների վերաբացման հարցում կան տարընթերցումներ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է բացել ճանապարհները եւ Հայաստանից պահանջում է ոչ թե ճանապարհ, այլ՝ տարածք, միջանցք։ Ես այդպես հասկացա եւ ընկալում եմ որպես խիստ բացասական ազդակ։

– Ի՞ նչ ակնկալել Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումից։

– Կարծում եմ, որ Մոսկվայում Կրեմլը Հայաստանից կպահանջի ավելի հստակեցնել իր դիրքորոշումը՝ Հայաստանն Արեւմուտքի՞ կողմից է, թե՞ Ռուսաստանի։ Կրեմլը Նիկոլ Փաշինյանին շատ հստակ կդնի փաստի առաջ, որ պետք չէ հույսեր կապել արեւմտյան հարթակների հետ՝ արցախյան խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքում են, եւ Հայաստանը պիտի կողմնորոշվի, քանի որ աշխարհը բեւեռացված է արդեն ավելի հստակ։ Ռուսաստանը՝ ինքը, աշխարհը բաժանում է սեւ ու սպիտակի եւ Հայաստանից պիտի պահանջի՝ դադարեցնել իր մանյովրները եւ հստակեցնի իր դիրքորոշումն արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցում։

– Ի՞նչ տպավորություն ունեք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից։

– Ըստ էության, այդ հանդիպմանը ոչ մի նոր ասելիք չի եղել, բացի նրանից, որ Ռուսաստանը եւս մեկ անգամ ուղղակի տեղեկացրեց, որ արեւմտյան հարթակների հետ պետք չէ հույսեր կապել։ Ճիշտն ասած, փոքր-ինչ տարօրինակ էր Արարատ Միրզոյանի դիտարկումը, թե մենք այլ ազդակներ ենք ստանում, որովհետեւ, եթե Մինսկի խմբի համանախագահությունն այդ ձեւաչափով չի գործում, եւ այդ մասին ասում է համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարը, ապա այդտեղ այլ ընկալման հարց չկա։ Որովհետեւ, եթե  անգամ Հայաստանը շարունակի աշխատել Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ, դա, այնուամենայնիվ, կնշանակի, որ Մինսկի խմբի ձեւաչափը չի գործում»:

Տեսանյութեր

Լրահոս