Բաժիններ՝

Մարզային բուհերը՝ օպտիմալացման վտանգի առա՞ջ. Ո՞րն է այլընտրանքը

Կառավարության վերջին նիստում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին որոշումն ընդունելուց հետո հանրային տարբեր շրջանակներ ահազանգեցին՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին անվճար տեղեր չհատկացնելով՝ սկսում են մասնաճյուղը փակելու գործընթացը։

Ի դեպ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ. համար ընդունելություն չհայտարարելու մասին համապատասխան որոշումը կայացվել էր Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։ Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, սակայն, ամիսներ շարունակ պայքարում էին որոշման դեմ՝ վստահեցնելով, որ մասնաճյուղի փակումը մարզի համար կունենա լրջագույն բացասական հետևանքներ:

Նկատենք, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում փակված երկրորդ մարզային բուհն է. անցյալ տարի հուլիսին տեղեկացրել էինք, որ հայրենի կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մեկ անգամ չէ խոսել բուհերի օպտիմալացման մասին՝ թեև նկատել, որ այս պահին չեն պատրաստվում գործընթացը ստիպողաբար իրականացնել: Նախարարի գնահատմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Ընդամենը 3 մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»,- օրերս նշել է Վահրամ Դումանյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Հաշվի առնելով մեկ տարում երկու մարզային բուհերի փակման նախադեպերը՝ կարելի է ենթադրել, որ մեկնարկած գործընթացների հետևանքներն առաջինը կզգան հենց բուհերի մարզային մասնաճյուղերը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ՝ ճիշտ չէ, երբ մեր բուհական համակարգը համեմատում են կայացած երկրների բուհական համակարգերի հետ՝ նկատելով, որ բուհական համակարգի կայացման գործընթացը ժամանակատար է:

«Տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզում, հնարավորություն է տրվել ստեղծել մասնավոր բուհեր, դրա համար մեր բուհերի քանակն ինչ-որ պահի գերազանցել է նույնիսկ 100-ը: Այժմ մենք իջել ենք մոտավորապես 55-ի, այսինքն՝ կիսով չափ կրճատվել ենք: Այս դինամիկան մենք պետք է նայենք, և մեզ համեմատենք մեր անցյալի հետ:

Իհարկե, ես էլ եմ համարում, որ Հայաստանի նման երկրի համար 55 բուհը շատ է, բայց ես նաև հասկանում եմ, որ սա միանգամից կրճատելով չպետք է լինի. որոշակի փոփոխություններ են լինելու, շատ բուհեր դուրս են մղվելու:

Բացի այդ՝ մեր բուհերի մեծ քանակի վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ մեր բուհերի մեծ մասը ոչ թե բառի իսկական իմաստով համալսարաններ են, այլ մասնագիտացված բուհեր՝ մեկը՝ ագրարային գծով, մյուսը՝ գեղարվեստ, մանկավարժություն, տնտեսագիտություն, բժշկական: Այսինքն՝ կլասիկ իմաստով մասնագիտացված ինստիտուտներ են: Բուն «համալսարան» իմաստով մենք շատ քիչ համալսարաններ ունենք՝ ԵՊՀ, Սլավոնական, Ֆրանսիական, որոնք մասնագիտությունների քիչ թե շատ բազմազանություն ունեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Անդրադառնալով մարզային բուհերին՝ Սերոբ Խաչատրյանը շեշտեց, որ այստեղ ևս անհրաժեշտ է բալանսավորված քաղաքականություն:

«Այս պահի դրությամբ ունենք հետևյալ իրավիճակը՝ բուհերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է Երևանում, ինչը տրամաբանական է: Հարակից մարզերը, ըստ էության, պետական բուհեր չունեն, իսկ Երևանից հեռու գտնվող բոլոր մարզերում կան, այդ թվում՝ նաև Վայոց ձորում:

Վայոց ձորը մի խնդիր ունի. շատ փոքր մարզ է (միայն նշենք, որ այստեղ աշակերտների թիվը 6500 է), հետևաբար՝ պարզ է, որ այնտեղ ուսանողների թիվը շատ քիչ է լինում: Սակայն չպետք է խտրականություն դնենք, ասենք՝ քանի որ Վայոց ձորում ուսանողը քիչ է, եկեք փակենք. քիչ է, որովհետև բնակչությունն է քիչ»,- մանրամասնեց նա:

Թե որն է այլընտրանքը հարցին ի պատասխան՝ կրթության փորձագետը նկատեց. «Դրա համար, գուցե, պետք է ժամանակի ընթացքում մշակել քաղաքականություն, որ ոչ թե բոլոր հեռավոր մարզերում ունենանք բուհեր, այլ տարածաշրջանային բուհեր՝ օրինակ, Հայաստանի Հարավային համալսարան, որտեղ կլինեն Սյունիքի, Վայոց ձորի, մասամբ՝ Արարատի մարզի ուսանողներ»:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի նախընտրական քարոզարշավի օրերին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր բուհական համակարգում փոփոխություններ իրականացնելու իր տեսլականը՝ յուրօրինակ առաջարկով:

«Մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ` և ֆիզիկական ենթակառուցված, և բովանդակության հետ: Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երևան քաղաքից բոլոր, կամ, եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի շենքերի մեծամասնության, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր գիտական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում նույնիսկ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշել Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս