Բաժիններ՝

Ինչի՞ համար ենք սովորում «Կառավարում» առարկան, եթե չենք կարողանում ճիշտ կառավարել. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները պայքարը կշարունակեն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։

Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, սակայն, չեն համակերպվում այս մտքի հետ՝ նշելով, որ ապակենտրոնացման կամ մարզերի զարգացման մասին խոսելուն զուգահեռ՝ փակում են բուհերի մարզային մասնաճյուղերը, ինչը նշանակում է, որ խթանում են մարզից արտագաղթը: Մասնաճյուղի փակման դեպքում կտուժեն Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, քանի որ նրանցից շատերը պատրաստվում են կրթությունը շարունակել այնտեղ։ Վատթարանալու է առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող դիմորդների և նրանց ընտանիքների վիճակը։ Պոտենցիալ ուսանողների մեծ մասը պարզապես չեն կարող շարունակել իրենց կրթությունը, ինչը բացասաբար կազդի նրանց ճակատագրի վրա։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Սարգսյանի փոխանցմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 10-ին համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հարցով կազմակերպել է աշխատանքային քննարկում, առաջիկայում պլանավորում են շահերի պաշտպանություն թեմայով դասընթաց՝ ուսանողների համար, որին կարող են մասնակցել նաև ապագա դիմորդները:

«Մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ: Համալսարանն ավարտած ուսանողների 90 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ՝ թե՛ ՏԻՄ մարմիններում, թե՛ բանկային  համակարգում, թե՛ ապահովագրական ընկերություններում: Իսկ եթե որակ չլինի՝ գործատուները չեն ընտրի այս մասնագետներին՝ որպես աշխատող: Իսկ որակ պահանջելուց զատ, պետք է փորձեին ճիշտ կառավարել այս ամենը: Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում Երևանից դասախոսները կարող էին, օրինակ, շաբաթական մեկ օր օնլայն պարապել մեզ հետ և միայն քննություններին ներկա գտնվեին կամ ամիսը մեկ գային: Ամեն ինչ գալիս է կառավարումից: Ինչի՞ համար ենք սովորում «Կառավարում» առարկան, եթե չենք կարողանում ճիշտ կառավարել: Խնդրի հետ կապված՝ նամակ ենք գրել նաև նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին, բայց ստացել ենք նույնաբովանդակ պատասխան, որը ստանում ենք բոլորից, այն է՝ դա համալսարանի որոշումն է: Սակայն մենք չենք հանձնվում, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ղեկավարությունը փոխի որոշումը»,- 168.amի հետ զրույցում ասաց Քրիստինեն:

Հավելենք, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին, ներկա և ապագա ուսանողները նամակ են գրել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին՝ հայտնելով իրենց մտահոգությունը մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստով։ Նրանց խոսքով՝ հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման ֆոնին՝ մասնաճյուղն այժմ ունի 250-ից ավելի ուսանող, ինչը բարձր ցուցանիշ է նման քիչ բնակչությամբ մարզի համար։ Նամակում նշել են, որ  չի կարելի մոռանալ մարզի զարգացման գործում մասնաճյուղի կարևորության մասին։ «Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասն աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը։

Մարզի բնակչության, բուհի ողջ ուսանողության և շրջանավարտների պահանջն է՝ վերականգնել ընդունելությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում և ծավալել մասնաճյուղի կարգավիճակի կամ ձեր կողմից նման որոշման հիմնավորումների ընդլայնված հանրային քննարկում։ Համոզված ենք, որ դեռևս ուշ չէ»,- գրված է ռեկտորին ուղղված նամակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս