ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը փլուզվեց․ որո՞նք կլինեն Արևմուտքի ու Ռուսաստանի ռեգիոնալ հաջորդ թիրախները

Նոր աշխարհակարգի համար գերտերությունների «դարակազմիկ ճակատամարտի» ամենաթեժ փուլում փլուզվեց Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը համակարգող ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափը։ 1992 թվականից գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը 1997 թվականից սկսել էր գործել եռանախագահության ֆորմատով՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիվանագետների մասնակցությամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմին նախորդող շրջանը դարձավ եռանախագահների գործունեության վերջին փուլը, Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե գոյություն ուներ, սակայն դե ֆակտո չկարողացավ վերականգնել իր գործունեությունը և ուկրաինական պատերազմում ՌԴ-Արևմուտք ծանր առճակատումը դարձավ այս ձևաչափին ուղղված վերջին կրակոցը։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում: Լավրովի որակմամբ՝ Արևմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետևանքով: «Ես չգիտեմ՝ հետագայում ինչ ճակատագիր է ունենալու Մինսկի խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկել այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը և, ընդհանուր առմամբ, Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել, տվյալ դեպքում, հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»,- ասել է Լավրովը՝ «անպատասխանատու» որակելով Արևմուտքի այդ դիրքորոշումը։

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ հենց շաբաթներ առաջ հայկական կողմը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ սկսելու առաջարկով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբից չեղավ պաշտոնական պատասխան։ Դրան հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևի միայնակ այցը Երևան։

Օրերս մամուլի ասուլիսում ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն ակնարկել էր, որ Լեհաստանն աշխատում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման ուղղությամբ, սակայն ուկրաինական պատերազմը բնականորեն խնդիրներ է ստեղծել այդ ճանապարհին։

Նա նաև նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը տրամադրված է եղել ԵԱՀԿ նախագահող Զբիգնև Ռաուի Երևան կատարած այցի ժամանակ լսել վերջինիս առաջարկները, և Փաշինյանը ստացել է հստակ պատասխաններ։ «Ես չեմ կարող անդրադառնալ բոլոր այն հարցերին, որոնք քննարկվել են Զբիգնև Ռաուի և Հայաստանի իշխանության հանդիպման ժամանակ»,- ասաց Չեպլակը։ Ապրիլի 5-ին՝ մինչ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք եռակողմ բանակցությունները, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հետաքրքրական է, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցում կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Սակայն հաջորդ օրը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով տարածված հայտարարություններում որևէ խոսք չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին։ Հարկ է նաև նշել, որ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, և պարզ դարձավ, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու ապրիլի 19-ին։ Kremlin.ru-ում դեռ հասանելի չէ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն ՀՀ Կառավարությունը հայտնել է, որ զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները, և Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին: Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը, և այս մասով, ըստ պաշտոնական հայտարարության, Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտեց տարածաշրջանում իրադարձությունների իրապես շրջադարձային ընթացք և կանխատեսելի դարձրեց այն հանգամանքը, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։

Ըստ նրա՝ սա լիովին կանխատեսելի չէր, սակայն անսպասելի էլ չէր՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի շուրջ ՌԴ-Արևմուտք հարաբերություններն այնպիսի ճգնաժամ են ապրում, որ տարածվում են ամենուր։ Թեև վերլուծաբանն այն կարծիքին է, որ Արևմուտքը միտումնավոր է հրաժարվում Հարավային Կովկասում առնչվել Ռուսաստանի հետ՝ փորձելով նրան լիովին հեռացնել այդ տարածաշրջանից։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանում պատրաստ չեն նման սցենարների։ ՌԴ-ում պատրաստ չէին պատժամիջոցների և միջոցառումների նման ծավալի, սակայն պատրաստ էին նրան, որ պատերազմն Ուկրաինայում աշխարհաքաղաքական պայքարը թեժացնելու է ամենուր, որոնցից մեկը հարավկովկասյան ուղղությունն է, որտեղ խնդիր է դրված հնարավորինս թուլացնել ՌԴ գերակայությունը, ինչպես նաև ռազմական ներկայությունը, այս դեպքում՝ խաղաղապահ առաքելությունը։ Երկարաժամկետ կանխատեսումներ անելու համար հարկավոր է իմանալ մի քանի հարցերի պատասխաններ՝ ինչպես են պատկերացնում Ռուսաստանից անջատ բանակցություններ Ղարաբաղյան հակամարտության հարցով, եթե Ղարաբաղում ռուս խաղաղապահներ կան։

Մյուս կարևոր հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն որևէ ձևով Արևմուտքը ցանկանալու է գործարկել՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մասնակցությա՞մբ, թե՞ գործընթացը տանելու են Միշելը, Մակրոնը, Բլինքենը և այլք, որպես օրինակ եմ նշում։

Իրենք՝ կողմերը, ինչպե՞ս են պատկերացնում միևնույն փաթեթի քննարկումն այս պայմաններում՝ թե Մոսկվայի հետ, թե Բրյուսելի, թվում էր, թե հիմնական փաթեթը Մոսկվայի ձեռքում է, սակայն Բրյուսելը քննարկում է նույն հարցերը, և հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդի համար մրցակցություն է սկսվելու, այս հարցի շուրջ կողմերի դիրքորոշումն այդքան էլ հասկանալի չէ։

Կողմերի համար սա մեծ մարտահրավեր է, իհարկե, Արևմուտքի հետ աշխատում են, ինչը Բաքուն մերժում էր պատերազմից անմիջապես հետո, սակայն Մոսկվային այսօր մերժելու հնարավորություն ևս չունեն։ Պարզապես այս փուլի համար պետք է արձանագրենք, որ Մոսկվան փորձելու է այս պահի համար պահել հնարավոր դիրքերը, չի կարող ավելին անել, քանի որ պատերազմի մեջ է, իսկ Բրյուսելը փորձելու է արագացնել գործընթացները։ Բայց, իհարկե, սա նոր ու մարտահրավերային իրավիճակ է բոլորի համար, և ամենալուրջ պայքարն ընթանալու է ոչ թե՝ հակամարտող կողմերի, այլ՝ ավելի գլոբալ խաղացողների միջև, որը բարդացնելու է հենց կողմերի գործը։ Արևմուտքը համարում է, որ ՌԴ դիվանագիտական ներգրավման հարցը լուծեց, փակեց, հիմա պետք է թիրախավորի ռազմական ներկայությունը, և այդպես շարունակ։ Վստահաբար՝ Ռուսաստանն էլ իր գործիքակազմի շրջանակում է գործելու, իսկ դա լայն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս