«Ավելի լավ է՝ ոչխարների առաջնորդը լինի առյուծ, քան առյուծների առաջնորդը լինի ոչխար». Մանվել Եղիազարյան
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Թեև ռուսական կողմը բանակցություններ է սկսել ադրբեջանական կողմի հետ, որպեսզի նրանք վերադառնանա ելման դիրքեր, սակայն մինչ օրս ադրբեջանական կողմը շարունակում է իր հսկողության տակ պահել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլխի մի հատվածը։
Ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողություններին նախորդել էին խաղաղ բնակչությանը բարձրախոսով ահաբեկելը, գյուղերի վրա կրակելը, Արցախին գազ մատակարարող խողովակի վնասումը։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է պարզապես մեկ անգամ բոլորը «տղամարդու նման ոտքի կանգնեն»։
«Եթե տղամարդիկ ուզում են հայրենիք ունենան, թող ոտքի կանգնեն։ Ժամանակին նույն վիճակն էր, մենք ի՞նչ արեցինք, զենք վերցրեցինք ու գիտակցաբար գնացինք մահվան, արդյունքում՝ ունեցանք ազատագրված հայրենիք, որն այսպես բաժան-բաժան անելով՝ տալիս են թշնամուն։
Հիմա ի՞նչ է կատարվում՝ թշնամին առաջ է գալիս, մենք հետ ենք գնում, նա առաջ է գալիս՝ մենք հետ ենք գնում, մինչև ո՞ւր, մինչև ե՞րբ։ Առյուծ տղաներ կորցրեցինք, որ այսպես ապրե՞նք։ Չեմ հասկանում՝ ի՞նչ եղան մեր արժեքները, ի՞նչ եղան մեր ձգտումները։ Եթե ուզում ենք անմահանանք, չպետք է մեր գլուխը կախենք ու կոտորվենք, պետք է պայքարենք»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ տղամարդու գործը զենք բռնելն է, եթե ուզում է իր ու հայրենիքի պատիվը պահել, եթե զենք չպահեց, վաղը-մյուս օրը գլուխը կախ լքելու է տունը՝ այն թողնելով թշնամուն։
«Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ այս երկրում շատ քիչ տղամարդ է մնացել, ո՞ւր են, ինչո՞վ են զբաղված։ Ես չեմ ասում՝ թող գան այս կամ այն մարդու կողքին կանգնեն, թող հավաքվեն, իրար կողքի կանգնեն, այս հարցերը լուծենք։ Թե չէ՝ եթե սպասենք առաջնորդի, նման առաջնորդ դժվար հայտնվի։ Ես նորից այստեղ պետք է մեջբերեմ հետևյալ հայտնի խոսքը՝ ավելի լավ է՝ ոչխարների առաջնորդը լինի առյուծ, քան առյուծների առաջնորդը լինի ոչխար։ Կարծում եմ՝ խոսքս կհասկանան, ես առայժմ այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։