«Մարտին 2 շաբաթ որևէ կապ չենք ունեցել Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականների հետ, հիմա այս հարցը կարգավորվել է». Արցախի թեմի առաջնորդ
Նախորդ տարվա մայիսից Ադրբեջանը, առանց որևէ բացատրության, հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորները զրկվեցին այդ հնարավորությունից։
168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց, որ Դադիվանքի հարցն ադրբեջանական կողմի պատճառով շարունակում է մնալ չլուծված։
«Մարտին 2 շաբաթ դադար է եղել, որևէ կապ չենք ունեցել Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականացնող մեր հոգևորականների հետ։ Հնարավորություն չենք ունեցել ո՛չ սնունդ ուղարկել, ո՛չ կապ հաստատել, նույնը՝ նաև այնտեղի ռուս խաղաղապահների հետ էր։ Հիմա այս հարցը կարգավորվել է, և՛ հեռախոսային կապ ունենք, և՛ կարողանում ենք նաև համապատասխան սնունդն ուղարկել։ Մեր հոգևորականներն իրենց առաքելության մեջ են, մեր սպասավորներն իրենց լավ են զգում։ Այդ ընթացքում, երբ չենք կարողացել սնունդ ուղարկել, մեր հոգևորականները եղածով փորձել են սնվել։ Նրանք մնացին և կարողացան ապահովել մեր վանքի հոգևոր ու ֆիզիկական անվտանգությունը»,- նշեց Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի թեմի առաջնորդը նաև ընդգծեց, որ Դադիվանքի հարցը մշտապես իրենց օրակարգում է։
«Պարբերաբար, որոշակի շեշտադրումներով հնարավոր է դառնում անդրադառնալ Դադիվանքի իրավիճակին, պարբերաբար էլ՝ պասիվ։ Սրանք կարող են լինել Արցախում վերջին շրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում, սրանք հնարավոր ձևաչափեր են, որոնք չեն խանգարում մեր ընդհանուր իրավիճակին, որ մենք կարողանում ենք ապահովել Դադիվանքի կենսունակությունը»,- եզրափակեց սրբազանը։