Բրյուսելյան հանդիպմանը պարզապես ամրագրվեցին մոսկովյան պայմանավորվածությունները. Խրամչիխին
«Բրյուսելում օրերս կայացած բարձրաստիճան բանակցությունները սենսացիոն չէին, պարզապես ԵՄ-ն ևս ցանկանում է մասնակցել, ավելին, գլխավոր դեր ստանձնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքները և իրավիճակը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացված երկրորդ ուղիղ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարությունում Նախագահ Միշելն ընդգծել էր Ալիևի և Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր, որի նպատակով որոշվել էր արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները: Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան: Այդ նպատակով, 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել էր նաև Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել մինչև ապրիլի վերջ:
Խրամչիխինն ասաց, որ ընդհանուր առմամբ հանդիպմանը բովանդակային առումով որևէ սենսացիոն համաձայնություն ձեռք չբերվեց, թեև ինտրիգը հանդիպման շուրջ չափազանց մեծ էր:
Ըստ նրա՝ թեմաները, որոնք քննարկվեցին, որոնց շուրջ եղավ համաձայնություն, քննարկվել էին նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ ընթացող բարձրաստիճան բանակցությունների ընթացքում՝ թե անմիջապես պատերազմից հետո, թե հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում:
Այսինքն, Խրամչիխինի խոսքով, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված 3 փաստաթղթերի ոգով էր Բրյուսելում կայացած հանդիպումը, որի նպատակը շատ պարզ է՝ բանակցային գործընթացը ռուսական ակտիվ միջնորդությունից տեղափոխել դեպի Բրյուսել:
«Նորությունն այն էր, որ ԱԳ նախարարները կսկսեն կոնկրետ ձևով աշխատել Խաղաղության համաձայնագրի վրա, ինչն անսպասելի չէր, քանի որ կողմերն ակտիվ կերպով վերջին ամիսներին խոսում են այս մասին, ավելին, Ադրբեջանը շտապում է, քանի որ չի ցանկանում կորցնել պատերազմի հետևանքները: Ամենակարևոր հարցերը շարունակում են բաց և չմեկնաբանված մնալ, դրանով իսկ պահպանվում է նոր ռազմական բռնկումների վտանգը, հատկապես, երբ Ռուսաստանն ընդհանուր առմամբ ներկայումս ունենալով մեծ խնդիրներ, դժվար թե կարողանա զբաղվել հակամարտությամբ այնպես, ինչպես կզբաղվեր, եթե չլիներ պատերազմի մեջ: Սակայն Ռուսաստանն ակտիվ դիվանագիտական աշխատանքը կողմերի հետ պահպանում է՝ ըստ ամենայնի հասկանալով առկա բոլոր վտանգները: Այնուամենայնիվ, կայուն բանակցային գործընթացը կլիներ օգտակար հակամարտության գոտու համար, սակայն նման գործընթացն այսօր էլ քիչ հավանական է թվում, քանի որ հստակեցված չէ հետագա բանակցային ձևաչափը»,- ասաց Խրամչիխինը:
Խրամչիխինը կարծում է, որ Ադրբեջանը սովորաբար դեմ չէ օգտվել, օգտագործել աշխարհում, տարբեր ռեգիոններում տիրող իրավիճակն իր Ղարաբաղյան շահերի համար, սակայն ներկայումս իրավիճակը Ռուսաստանի շուրջ այնպիսին է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է որ փորձեն հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, քանի որ, ի վերջո, Ղարաբաղյան գոտում ռուս խաղաղապահ կոնտինգենտ է տեղակայված:
«Բայց սադրանքներ կարող են լինել, ինչպես միշտ են եղել: Սակայն Ադրբեջանն ու Թուրքիան ավելի զգուշավոր դիրքորոշում են գրավել, պատրաստ են ցանկացած սցենարի ուկրաինական պատերազմի շուրջ, իսկ այնտեղ շատ բան է անորոշ, և ես ևս կանխատեսումներ անել դժվարանում եմ»,- ասաց նա: