Ծխելու արգելքի մասին օրենքը տանում է օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով. Բաբկեն Պիպոյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքից բխող հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ աշխատանքային քննարկում: Մասնակցում էին ոլորտի մասնագետները։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով օրենքում առկա բացթողումներին՝ նկատեց՝ հիմնական խնդիրն այն է, որ գնում են օրինախախտ հասարակություն ստեղծելու ճանապարհով։
«Ինչո՞ւ ենք ստեղծում օրինախախտ հասարակություն, որովհետև երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ մտածում են ոչ թե՝ ինչ անեն, որպեսզի այդ վիճակի հետ հարմարվեն, այլ՝ ինչպես անեն, որպեսզի օրենքը շրջանցելու ճանապարհները գտնեն, ավելին՝ մի քանի օր առաջ փոքր էքսկուրս արեցինք, և այն տարածքները, որտեղ բաց ձևով օրենք էին խախտում՝ մեծ ակտիվություն ունեինք, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահում էին՝ կար պասիվություն։ Սակայն միայն ռեստորաններով խնդրին չպետք է նայել, որովհետև իմ սուբյեկտիվ կարծիքով՝ բոլորիս խնդիրն էլ հենց դա է, որ միայն մեկ ուղղության մեջ ենք նայում։ Սա չմտածված օրենք է, որովհետև խստությունը մտածված լինելու հետ որևէ կապ չունի։
Միայն մեկ օրինակ բերեմ, որ պատկերավոր լինի։ Այսօր ասում ենք, որ վիտրինաները պետք է լինեն փակ, որպեսզի մարդկանց աչքի առաջ չլինեն։ Ի՞նչ են արել, վերցրել են միջազգային փորձի մի դրվագը, չեն վերցրել մի դրվագ, որ այն կասսայից պետք է հեռու լինի, կասսայից, որի մոտ էլ մեծ հերթեր կան»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում