«Անձնագրերն ու հեռախոսները հավաքել են, նոր մտել ենք ներս. նամակ պետք է հանձնեի». զոհվածի մայր
Արցախյան 44-օրյա պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը ևս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սկզբում մերժել է միջոցառմանը մասնակցելու առաջարկը, սակայն 2-րդ անգամ ընդունել է այն՝ 1 պատճառով։
Տիկին Նարինեի որդիներից ավագը՝ Ռոբերտը, ծառայում էր Արցախում՝ «Ես եմ ծրագրով»։ Հատուկ էր ընտրել այդ ծրագիրը, քանի որ 2 տարվա փոխարեն՝ 3 տարի ծառայելով, զորացրվելուց հետո Պաշտպանության նախարարությունը պետք է 5 միլիոն դրամ փոխանցեր նրա հաշվին։ Քանի որ վարձով էին ապրում, Ռոբերտը որոշել էր բնակարան գնել այդ գումարով։
Զորացրվելուն ընդամենը 2 ամիս էր մնացել, երբ Ռոբերտն ու կրտսեր եղբայրը զոհվեցին, սակայն, ինչպես տիկին Նարինեն ասաց՝ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է այդ գումարը փոխանցել իրենց։
Տիկին Նարինեն բացատրեց, որ հարցը ոչ թե գումարն է, այլ այն, որ իր տղան հատուկ նպատակով էր գնացել, որ սեփական տուն գներ։
Զոհված զինծառայողների մայրն ասաց, որ Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառման հրավերը միանգամից չէ, որ ընդունել է.
«Ես սկզբից մերժել եմ, չէի ուզում գալ, բայց մի հնարավորություն ունեի Աննա Հակոբյանին նամակ փոխանցելու, որն արդեն 1.5 տարի չէի կարողանում փոխանցել նրան ու Նիկոլ Փաշինյանին։
Այնպես չէ, որ ինձ այս ուտել-խմելը կամ երաժշտությունն էր հետաքրքիր, ես եկել եմ իմ նամակը տեղ հասցնեմ, որ իմ որդին 3 տարի ծառայել է, բայց իր հասանելի գումարը չեն տվել։
Քանի որ գնում ենք ՊՆ, ներս չեն թողնում, Նիկոլ Փաշինյանի մոտ չեն թողնում ոստիկանները, դրա համար միակ հնարավորությունս սա էր․․․»։
Ի դեպ, միջոցառումը պետք է 13։00-ին լիներ, այդպես էր ասված, բայց շուրջ 1 ժամ սպասելուց հետո միայն ընդունել են իրենց․
«Անձնագրերը, հեռախոսները հավաքել են, նոր մտել ենք ներս․․․ Բացատրություն չեն տվել, թե ինչու, երևի անվտանգության համար էր, որ ծնողներն ինչ-որ բան չնկարեին․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում