«Եթե Ալիևը գնացել է բանակցությունների, նշանակում է՝ Փաշինյանն առաջարկել է սցենար, որն Ալիևին ձեռնտու է». Տարասովը՝ բրյուսելյան արդյունքների մասին
«Չեմ բացառում, որ կողմերի միջև կան փակ պայմանավորվածություններ՝ ձեռնտու իրենց, այլապես երկխոսությունն անհնար կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Միշել հանդիպման արդյունքներին ու գործընթացի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակին:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, պետք է դիտարկվի՝ որպես դրական արդյունք:
Տարասովի մեկնաբանմամբ, կա երկու կոնկրետ արդյունք, որ ԱԳՆ ղեկավարների մակարդակով նախապատրաստվելու է համաձայնագրի տեքստը, որը հետո ղեկավարների մակարդակով պետք է հաստատվի, և սահմանազատման գործընթացն արագացնելը:
Ըստ նրա՝ նախորդ պայմանավորվածությունների համեմատ՝ այս հանդիպումը նորամուծություններ չուներ, հիմնականում պայմանավորվածությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շրջանակում են:
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է Խաղաղության համաձայնագիրն ու սահմանազատման գործընթացը դիտարկվում՝ որպես մեկ փաստաթուղթ, նախկինում տպավորություն կար, որ այս թեմաներն առանձին են դիտարկվում: Սահմանազատման մասին խոսվել է նաև Փաշինյան-Պուտին-Ալիև մակարդակով հանդիպման ժամանակ, բայց, չգիտես՝ ինչու, գործընթացը տեղում դոփեց և նույն պայմանավորվածությունը ձեռք բերվեց արևմտյան հարթակում:
Այս հանդիպումը հնարավորություններ է բացում Արևմուտքի և, առաջին հերթին՝ Միշելի համար՝ ավելի մեծ դերակատարություն ստանձնել այս գործընթացում, որը փաստացի միջնորդ է: Հստակ չէ նաև, թե արդյոք վերականգնվելո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ Բլինքենն օրերս Ալիևի և Փաշինյանի հետ ասել էր, թե ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մխ ձևաչափին, սակայն բրյուսելյան հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ին անդրադարձ չեղավ:
Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է, իսկ Հայաստանինը՝ ոչ: Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ վերականգնելու համար այս գործընթացը, սակայն այնտեղ նախկին փաթեթն է լինելու, պետք է հստակեցնել Ղարաբաղի կարգավիճակը, կգնա՞ արդյոք Ադրբեջանը դրան, ինձ համար դա անհասկանալի է: Եթե գնա, ապա ի՞նչ պայմաններով: Այստեղ դեռ ընդհանուր բառեր են, հստակություն չկա: Ես չեմ բացառում, որ կողմերի միջև իրենց ձեռնտու որոշակի փակ պայմանավորվածություններ կան, այլապես երկխոսությունն անհնար կլիներ»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ ժամկետների առումով իրավիճակն առաջիկայում ավելի պարզորոշ կուրվագծվի:
Նա նշեց, որ Երևանի ու Բաքվի կողմից պետք է խոսք լինի հեղափոխական որոշումների մասին:
«Եթե Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ստորագրում է Խաղաղության համաձայնագիր ու համարում է, որ ԼՂ կարգավիճակն իր լիազորություններից դուրս հարց է, ապա սա միանշանակ հեղափոխական քայլ է, և դա այն ստատուս-քվոյի ամրագրումն է, որը ձևավորվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Եթե ամեն դեպքում Ադրբեջանը չի բացառում, որ կարգավիճակի հարցը կարող է դիտարկվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, ապա դա ևս հեղափոխական դիրքորոշում է, որը նշանակում է, որ Ադրբեջանը զիջում է իր նախկին դիրքերը»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ ԼՂ կարգավիճակի հարցում բազմաթիվ սցենարներ կարող են լինել:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, հստակ է մեկ բան՝ սա հատուկ ռեգիոն է լինելու, բայց թե ինչպիսին՝ դժվար է ասել:
Այնուամենայնիվ, Տարասովի գնահատմամբ, Ղարաբաղը ՀՀ իշխանությունները հանձնել են, Ղարաբաղի ճակատագիրը հիմա իրականում որոշվում է այլ ձևաչափում, և այն լուծվում է Բաքու-Մոսկվա ձևաչափում:
Նա վստահեցնում է՝ քիչ հավանական է, որ Ալիևը հենց այնպես կգնար բանակցությունների, իսկ այն, որ նա գնացել է՝ նշանակում է, որ Փաշինյանն առաջարկել է սցենար, որը Ալիևին ձեռնտու է:
«Բայց թե ինչպիսի՝ բարդ է ասել»,- ասաց Տարասովը:
Ռուս քաղաքագետը նաև այն կարծիքին է, որ հետագա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցնել նաև խաղաղապահ մանդատի ապագայի հարցը, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին փոխարինելու է գալու նոր փաստաթուղթ, որը թելադրելու է իրավիճակը ռեգիոնում գոնե ապագա տարիների համար:
«Այն, որ երկխոսությունը կայանում է, նշանակում է, որ կա քաղաքական կամք: Տպավորություն կա մեզ մոտ, որ Բաքուն շտապում է հնարավորինս արագ ձևակերպել այս փաստաթուղթը, քանի որ բոլորը զգում են, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքներով կարող են լինել մեծ փոփոխություններ: Ուկրաինական ճգնաժամի յուրաքանչյուր ելք փոխելու է իրավիճակը ռեգիոնում: Մոսկվան իրավունք չունի և չի պարտվում ուկրաինական պարտիան, դա կնշանակի՝ Աֆղանստանից հետո ԱՄՆ-ի երկրորդ պարտությունը, ուստի այնպես, ինչպես Արևմուտքը կցանկանար՝ ողջ մասշտաբով, տեղավորվել Անդրկովկասում, նրանց չի հաջողվի, և, թե ինչպես կդասավորվեն Բաքու-Երևան-Արևմուտք-Մոսկվա հարաբերությունները՝ ապագայի հարց է: Ամեն ինչ այս կամ այն կերպ կհստականա ուկրաինական ճգնաժամից հետո»,- ասաց Տարասովը:
Կովկասագետը գտնում է, որ այս բանակցությունները տեղի են ունենում միջանկյալ, անորոշ ժամանակահատվածում, բայց դրանք կավարտվեն, երբ ավարտված կլինի ուկրաինական ճգնաժամը, որը, ըստ նրա՝ կորոշակիացնի անվտանգային նոր ճարտարապետությունը:
«Իմ կանխատեսումն այն է, որ ուկրաինական պարտիան հաջողելուց հետո Ռուսաստանը կտարածվի դեպի Արևելք, այս դեպքում՝ անդրկովկասյան երկրները, Իրանը, Թուրքիան հատուկ նշանակություն են ստանում, և Ռուսաստանը, բնականաբար, փոխելու է այդ երկրների հետ հարաբերությունների պարադիգման: Բնականաբար, բոլորն ակնկալում են, թե ինչպիսի փոփոխություններ են լինելու, այն, որ դրանք լինելու են, հասկանում են բոլորը: Ամեն ինչ գտնվում է ծրագրային առկախված իրավիճակում: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ համաձայնագիրը կստորագրվի պատերազմի ավարտից հետո, քիչ հավանական է, որ մինչ այդ ինչ-որ բան տեղի ունենա, որը կնշանակի լիովին այլ իրավիճակ»,- ասաց Տարասովը: