Բաժիններ՝

«Ես կյանքում իր հետ սեղան չեմ նստի. Նախորդ անգամ սաղ մամաներին խայտառակ արեց․․․»․ Աննա Հակոբյանի նոր հրավերը մայրերին

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրլի 7-ի միջոցառմանը զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, այրիների ներկայությունն ապահովելու համար գործի է դրել պետական ապարատը։

Արցախյան 44-օրյա պատերազմում 2 որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին կորցրած Նարինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ևս հրավիրել են այդ միջոցառմանը մասնակցելու, բայց ոչ Աննա Հակոբյանի գրասենյակից, այլ վարչական շրջանի աշխատակազմից։

«Երեկ ինձ թաղապետարանից են զանգել, ինչ ասես՝ ասել եմ նրանց հասցեին, ապա հրաժարվել մասնակցել հավաքույթին։ Ես կյանքում իր հետ սեղան չեմ նստի, իր կազմակերպածն ինձ պետք չի։ Նախորդ անգամ, որ խնջույք էր կազմակերպել, սաղ մամաներին խայտառակ արեց․․․»։

Տիկին Նարինեն մեզ հետ զրույցում ասաց, որ թաղապետարանից 2-րդ զանգն է ստացել ու երբ տեղեկացել է, որ միջոցառումը ոչ թե ռեստորանում, այլ Կոնդի ամառանոցում է լինելու՝ Փաշինյանների տանը, համաձայնել է, քանի որ նամակ պետք է փոխանցի, տեղեկացնի, որ զոհված որդիներից մեկի գումարը, որը «Ես եմ» ծրագրով՝ 3 տարով էր մեկնել ծառայության, Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա չի փոխհատուցել․

«Ես, իհարկե, սկզբից ասացի, որ չեմ գնա, բայց զոհվածների մամաները հուշեցին, որ նամակս փոխանցելու միակ շանսը կարող է լինել, որ հասնի իրեն ու ամուսնուն։ Միակ հնարավորությունս է, որ կարողանամ նամակ տամ ու հեռանամ։ Իրենց հետ սեղան նստել և այլն, հաստատ չի լինելու, ուղղակի նամակն եմ տալու ու գամ։ Այնպես չլինի, որ մամաները մտածեն՝ ես դավաճան եմ, գնացի, չէ՛, ուղղակի միակ շանսն է, որ իմ երեխու թափած արյան գումարը ստանամ․․․

Ես մի 40 մամայի եմ ճանաչում, բայց իրենք հաստատ չե՛ն գնա Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառումներին։ Վաղվա հավաքույթին մի 2 հոգի է Մասիվից լինելու, բայց իրենք էլ էլի նամակ են տանելու, դրա համար են գնում։ Կարելի է ասել, որ մայրերը ինչ-որ հարցեր ունեն ու ստիպված են գնում այդ միջոցառմանը։ Միջոցառումը վաղը ժամը 13։00-ին է լինելու՝ Փաշինյանների առանձնատանը»։

Պատերազմում զոհված Էմմանուել Ավագյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես նման հրավեր է ստացել և մերժել այն․

«Ես անմիջապես մերժել եմ, չեմ թողել, որ շարունակեն։ 2 օր առաջ մեր համայնքապետարանից զանգեցին՝ ասացին, որ վարչապետի կնոջ գրասենյակից փոխանցել են, որ նման բան է լինելու․․․ Ճիշտն ասած՝ չեմ էլ թողել, որ շարունակեն, հենց լսեցի՝ մեզ վարչապետի կնոջ օգնականն է զանգել հավաքույթի համար, ասացի՝ ես չեմ մասնակցելու․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս