«Էմմանուելիս գլխարկից իր հոտն էի ուզում առնել, բայց պատերազմի հոտ եկավ»․ 20-ամյա Էմմանուելը զոհվել է Հադրութում

Երբ պատերազմը սկսվեց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Էմմանուելը 20 տարեկան էր: 2000 թվականի սեպտեմբերի 11-ին էր ծնվել: Անունն էլ պատահական չէին դրել, մայրը պատմում է.

«Ինքը դեռ փոքր էր, հարցնում էինք՝ քո անունն ի՞նչ է նշանակում, իր մանկական բառերով պատասխանում էր՝ Քրիստոս մեզ հետ, Աստված մեզ հետ․․․»։

Էմմանուելը զորակոչվել էր 2018 թվականի հունվարի 29-ին, ծառայում էր Հադրութի հրետանային զորամասում․

«Երբ գալիս եմ Եռաբլուր, այսպես ասած, որդուս նոր տունը, երբեք չեմ համբուրում նկարը, որպեսզի այդ համը միշտ մնա բերանումս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված, «մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Էմմանուել Ավագյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը։

«Էմմանուելս իրենից 2 տարով փոքր եղբայր ունի՝ Տիգրանս, այնպես էր, որ ինքը զորացրվելու էր, Տիգրանս էր մեկնելու ծառայության։ Զանգում ասում էր՝ մամ ջան, քո դժվար օրերն անցնում են, անցան, ես գալու եմ, ամեն ինչ լավ է լինելու։ Պատերազմի օրերին էլ համարյա ամեն օր զանգում էր, ես խնդրել էի իրեն․ ասում էի՝ Էմմանուել, ցավդ տանեմ, զանգիր՝ ուղղակի ձայնդ լսեմ, ու ես հիմա անընդհատ կրկնում եմ իր խոսքերը, որ ականջիցս դուրս չգա՝ շատ հանգիստ ձևով ասում էր՝ Մա՞մ, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա»։

Էմմանուելը վերջին անգամ տուն էր զանգահարել հոկտեմբերի 20-ին, շատ կարճ խոսելուց հետո մորը խոստացել էր, որ հաջորդ օրը ցերեկն անպայման կզանգի, բայց ավաղ, մարտի դաշտում վիրավորվել էր, իսկ 5 օր հիվանդանոցում պայքարելուց հետո՝ մահացել։

«Ընկերները պատմում են, որ շրջափակման մեջ են եղել, Էմմանուելս մենակով 17 վիրավորի է հանել շրջափակումից, ու չգիտեմ, թե քանի հոգի էլ զոհված իր ընկերների մարմինները։ Ընկերները պատմում են, որ բոլորը Էմմանուել էին կանչում, ամբողջ դիրքի գործողություններն ինքն էր կազմակերպում, ինքն էր պահում։ Մի ընկերոջը՝ Կարենին էլի Էմմանուելս է փրկել, կռվի ժամանակ թոքից վիրավորվել է այդ տղան ու չի շնչել, Էմմանուելս ասել է՝ ինձ դանակ տվեք, ես իր կոկորդից կծակեմ, երբ այդտեղից արյուն գա ՝ կսկսվի արյան շրջանառություն կատարվել, ու այդպես էլ արել են․․․ Էմմանուելս խոստացել էր հոկտեմբերի 21-ի ցերեկը զանգել, բայց հենց այդ օրն էլ, այդ ժամերին, գլխից վիրավորվել է, 5 օր պայքարելուց հետո անմահացավ․․․ Հետո բերեցին Էմմանուելիս իրերը, գլխարկը բերեցին, ես խելագարի պես վերցրել հոտ էի քաշում, Էմմանուելիս հոտն էի ուզում առնել, բայց պատերազմի հոտ եկավ գլխարկից, Էմմանուելիս հոտը չէր․․․»։

Էմմանուել Ավագյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար Արցախի պաշտպանության բանակի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս