Բաժիններ՝

«Հունվար ամսին եղան խնդիրներ, հանդիսատեսի քանակը հստակ նվազել էր․ մինչև QR կոդ, տոմս էին ստուգում, ձգձգվում էր ժամանակը». Կարո Շահբազյան

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տարին սկսել է նոր ներկայացումներով. օրեր առաջ բեմ է բարձրացել «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ), իսկ տարեսկզբին՝ «Արքան հրապարակում» երաժշտա-դրամատիկական ֆանտազիան՝ ըստ Ա․ Բլոկի համանուն ստեղծագործության:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով՝ «Կոշկավոր կատուն» բոլորի համար է՝ 6-99 տարեկանների:

«Կարծում եմ՝ ներկայացումը ստացվել է. մի փոքր խնդիրներ կային, որոնք փորձեցինք լուծել: Այն կապված էր ձայնային և լուսային տեխնիկայի հետ, քանի որ մեր թատրոնում տեխնիկան դեռևս մեծամասամբ խորհրդային ժամանակաշրջանի է: Կառավարության որոշումով այս տարի մեզ հատկացվել է գումար, հիմա մրցութային ընթացքն է՝ ձայնային և լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է մոտավորապես 400 միլիոն դրամ: Այս ընթացքում ուղղակի ամեն ներկայացման համար վարձակալում ենք այդ տեխնիկան, այն էլ՝ ոչ ամբողջական: Զուգահեռ 5 ներկայացման փորձեր են ընթանում, երկուսը «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում են կայանալու. մայիսին նախանշել ենք պրեմիերան: Մեկը Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» պիեսն է, որը բեմադրում է հրավիրված, երիտասարդ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը: Երկրորդը Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսն է, որը բեմադրում է թատրոնի երիտասարդ դերասան Վարդգես Բարսեղյանը, ով արդեն մի քանի ռեժիսորական աշխատանքներ է արել»,- ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

168.am-ի հարցին՝ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Հարցին, թե Կամերային երաժշտական թատրոնի քանի՞ դերասան ընդունվեց իրենց մոտ աշխատանքի, ներգրավվա՞ծ են նոր ներկայացումներում, թե՞ ոչ, Կարո Շահբազյանը պատասխանեց.

«Կամերային երաժշտական թատրոնի 9 դերասան տեղափոխվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Մի քանիսն արդեն զբաղվածություն ունեն մեր թատրոնում: Արա Դեղտրիկյանը «4 պատճառ ամուսնության համար» ներկայացումը, որը 6-7 տարի առաջ էր բեմադրվել՝ վերականգնեց: Անի Նիկոյանը խաղում է «Միայն քեզ եմ սիրում» ներկայացման մեջ: Արդեն 2-3 ներկայացում տեղի է ունեցել: «Վերջին կանգառ» ներկայացման մեջ ընդգրկվել են Անահիտ Կիրակոսյանը և Լաուրա Բաբայանը: Արթուր Պետրոսյանը, Կարապետ Քարաջյանը նոր ներկայացումներում արդեն ունեն իրենց դերերը: Միավորումից հետո գրեթե 3 ամիս է անցել՝ շատ հեշտ ինտեգրվեցին. թվում է, թե այդ մարդիկ վաղուց եղել են մեզ մոտ»:

Քանի որ հունվարի 22-ից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, ըստ որի՝ հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, կինո, թատրոն, գրադարան և այլ մշակութային գործունեություն իրականացնող տարածքներ այցելելիս մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդի հավաստման, 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի կամ 24 ժամվա հակամարմնի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում, հետաքրքրվեցինք, թե այս որոշումն ի՞նչ դժվարություններ առաջացրեց թատրոնի համար: Հանդիսատեսի նվազում նկատվե՞ց, թե՞ ոչ։

«Հունվար ամսին եղան խնդիրներ, հանդիսատեսի քանակը հստակ նվազել էր: Դա այն շրջանն էր, երբ և՛ ժողովրդի մեծ մասը պատվաստված չէր, և՛ աշխատանքները կազմակերպելու առումով էին խնդիրներ առաջանում: Առաջին օրերին մինչև QR կոդ, տոմս էին ստուգում, տեղավորվում էին, ձգձգվում էր ժամանակը: Մոտ մեկ ամիս մենք խնդիր ունեցանք, հիմա նորմալ հունով ընթանում է»,- պատասխանեց թատրոնի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս