Բաժիններ՝

Ամեն ինչ սկսվում է դպրոցից. պարգևատրվեցին Համադպրոցական գիտության փառատոնի 2022 թվականի հաղթողները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփեցին «Համադպրոցական գիտության փառատոն 2022» մրցույթի արդյունքները: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հատուկ մրցանակներով:

Պատվոգրերը հաղթողներին հանձնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյաը և Ալֆա գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Հրաչուհի Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շատ կարևորեց նմանատիպ գաղափարների իրականացումը և հույս հայտնեց, որ ամեն հաջորդ տարի այն կընդլայնվի, և ավելի շատ դպրոցներ կկարողանան մասնակցել:

«Պետք է ասեմ, որ ամենահետաքրքիր գաղափարները առաջանում են հենց դպրոցական տարիներին: Դպրոցում աշակերտները ունենում են ապագայի մասին պատկերացումներ, որոնք հաճախ լինում են գիտաֆանտաստիկ ոլորտից, և կյանքը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում այդ ֆանտաստիկը հնարավոր է իրականություն դարձնել: Եվ սրանք առաջին քայլերն են հետագայում գիտության տարբեր ուղղություններում պրոֆեսիոնալ ու լուրջ արդյունքների հասնելու համար: Կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից»,- ասաց Դումանյանը:

Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն, հաղթող է ճանաչել 11 նախագիծ:

Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում», Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» և «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ» առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի դպրոցականների մասնակցությանը, ինչպես նախորդ տարի, աջակցել է «ARPA» հիմնադրամը, որի սահմանած ISEF-Community Innovation Award մրցանակին (500 ԱՄՆ դոլար) արժանացել է Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ և Վանաձոր Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցներից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծը:

Փառատոնի ամենակրտսեր մասնակիցների՝ Վանաձորի համար 21 հիմնական դպրոցի աշակերտների ներկայացրած «Առողջ սնունդ» և «Կանաչ տանիք» նախագծերն արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակի:

«Լավագույն նախագիծ» անվանակարգում «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա և ծրագրավորում» առարկաներից մրցանակներ են ստացել Մոսկվայի պետական համալսարանի «Երիցյան» վարժարանի սաները՝ «Երկու աբիոտիկ գործոնների ազդեցությունը» և «Ֆրակտալներ և ծրագրավորում» նախագծերով:

Քիմիայի անվանակարգում լավագույն նախագիծ է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի «Հաղորդիչ էկո-պոլիմեր» նախագիծը:

Ֆիզիկայի անվանակարգում ընտրվել է երկու հաղթող նախագիծ՝ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցից ներկայացված «Ոչ նյուտոնյան հեղուկներ» և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից ներկայացված «Ասֆալտ՝ պլաստիկ շշերից. ապագայի ճանապարհները» նախագծերը:

Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր ընտրված նախագծերն արժանացել են դրամական պարգևների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս