«Չնայած վերջին օրերի լարվածությանը՝ գյուղից մի բնակիչ չի բացակայել, սա բավարար է, որպեսզի պատկերացնեք՝ ինչպես են մարդիկ տրամադրված այստեղ ապրելուն». Նախիջևանիկի գյուղապետ

Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում իրավիճակը նորմալ է։ Թշնամին վերջին օրերին կրակոցներ չի արձակել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի գյուղապետ Սևակ Պետրոսյանը։

Մարտի սկզբին թշնամին Նախիջևանիկում խանգարել էր բնակիչներին գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, մշտապես կրակել էր դաշտերի ուղղությամբ, որի հետևանքով գյուղում որոշվել էր որոշակի ժամանակով դադարեցնել այդ աշխատանքները։

«Նախիջևանիկում բավականին առատ ձյուն էր եկել, այսօր է եղանակը բացվել, դեռևս չենք փորձել գյուղատնտեսական որևէ աշխատանք կատարել։ Որոշ ժամանակ հետո կփորձենք նորից աշխատել, եթե, իհարկե, խնդիրներ չստեղծեն։ Դե, դիմում ենք ռուս խաղաղապահներին, մի քանի անգամ նրանք եկել-կանգնել են, որ մենք աշխատենք։ Չնայած այս ստեղծված իրավիճակին ու վերջին օրերի լարվածությանը՝ գյուղից մի բնակիչ չի բացակայել, սա բավարար է, որպեսզի պատկերացնեք, թե ինչպես են մարդիկ տրամադրված այստեղ ապրելուն։ Մարդիկ այստեղից գնալու որևէ նպատակ չունեն»,- նշեց Սևակ Պետրոսյանը։

Նախիջևանիկի գյուղապետը նաև նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված, բացի անվտանգային հարցերից, հնարավոր է՝ առաջանան նաև ոռոգման խնդիրներ։

«Ոռոգման խնդիրներ չենք ունեցել, դրանք առաջացել են 44-օրյա պատերազմից հետո»,- շեշտեց Սևակ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 7-ից սկսած թշնամին Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ կրակոցներ է արձակում տարբեր զինատեսակներից, որին զուգահեռ՝ բարձրախոսներով ահաբեկում է խաղաղ բնակչությանը՝ կոչ անելով լքել գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն և բոլորին կսպանեն։

Տեսանյութեր

Լրահոս