Բանկերը մերժում են ոչ միայն ՊԲ զինծառայողներին, այլև առհասարակ արցախցիներին
Սոցցանցերում տեղեկություններ շրջանառվեցին, որ հայաստանյան բանկերը մերժում են վարկեր տրամադրել Պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայողներին։
168.am-ի՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, խոսքը զուտ ՊԲ զինծառայողներին չի վերաբերում, այլ բոլոր արցախցիներին: Եվ քանի որ ռիսկերը մեծ են, գրավի դեպքում խնդիր չի լինում:
Միաժամանակ, մեզ փոխանցեցին, որ տարբեր մոտեցումներ են լինում, այսինքն՝ որոշողը բանկն է, լինում են դեպքեր, երբ խնդիրներ չենլինում, և առավել կառուցողական գործելաոճ է դրսևորվում:
Ավելի վաղ 168.am-ը տեղեկություններ էր ստացել արցախցիներից, որ նախքան պատերազմը վերցված վարկերը մարել չկարողանալու համար մոտ մեկ տասնյակ դատական գործեր են բացվել:
Արցախյան մեր հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ բանկերի հետ Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում, ներկայացնում տարբեր առաջարկներ, որպեսզի բոլոր վարկառուների հարցերին լուծում տրվի, սակայն դեռ վերջնական լուծման գալ չի հաջողվում, քանի որ ոչ բոլոր բանկերն են փոխզիջման գնում:
Օրինակ, Արցախի ղեկավարությունն առաջարկել է 3 տարի միայն վարկի տոկոսները փակել, հետո նոր մտածել մայր գումարի մասին:
Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ բանկերն Արցախի իշխանությունների հետ որևէ հայտարարի կգան:
Մյուս կողմից՝ որոշ խմբերի վարկեր փակվել են:
Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության ծրագիր է մշակել:
Ծրագրի շրջանակում 15.02.2022թ. դրությամբ ստացվել է 47074 առցանց դիմում, որոնցից 1999 դիմում մերժվել է, 7589 դիմում չեղարկվել է սխալ կամ կրկնակի տվյալների լրացման պատճառով, մշակվել և հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված քաղաքացիների, զոհված կամ անհայտ բացակայող համարվող անձանց ընտանիքի անդամների 9069 դիմում, 1622 դիմումների մասով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ և ֆինանսավարկային կազմակերպություններ, 26795 դիմում նախնական մշակման փուլում է:
15.02.2022թ. դրությամբ 23 ֆինանսավարկային կազմակերպությունների և հիմնադրամներին տրամադրվել է 20970 վարկի աջակցման երաշխավորագիր՝ 10.8 մլրդ դրամի չափով, որից 1478 (2.8 մլրդ)՝ գյուղատնտեսական, և 19263 (7.2 մլրդ)՝ սպառողական, և 229 (846 մլն)՝ հիպոթեքային վարկեր են:
2020թ. սեպտեմբերի 27-ից հետո քաղաքացիների կողմից վճարված և վերադարձման ենթակա գումարների մասով հաստատված հայտերի ֆինանսավորման գործընթացը նույնպես սկսվել է:
Հաշվետու ժամանակաշրջանում իրավաբանական անձանց տրամադրվող աջակցությունից օգտվելու նպատակով առցանց եղանակով ստացվել է 478 դիմում, որից 146 դիմում պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում գույք կամ եկամտի աղբյուր կորցնելու հետևանքով վնասներ կրած տնտեսվարողներ են (մոտ 60 մլրդ դրամ), 332 դիմում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու տնտեսվարողներ (մոտ 800 մլն դրամ):
15.02.2022թ. դրությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու հանդիսացող իրավաբանական անձանց մասով հաստատվել է 19 վարկային պայմանագիր, աջակցության չափը կազմել է 8.6 մլն դրամ և 1.4 հազար ԱՄՆ դոլար գումար:
Մեր տեղեկություններով՝ իրավաբանական անձանցիցայսաջակցությունից օգտվել են, օրինակ, մանրածախ խանութ, ավտովերանորոգման կետ, հացաբուլկեղենի արտադրամաս, գեղեցկության սրահունեցածները:
Բայց քանի որ արցախցիների վարկային խնդիրները հայաստանյան բանկերի հետ դեռ ամբողջությամբ լուծված չեն, կան դատական գործեր,168.am-ը հետևողական է լինելու, և որևէ նորության դեպքում այն ներկայացնելու ենք:
Պատերազմից անմիջապես հետո 168.am-ը գրել էր, թե քանի հանք, ՀԷԿ և գործարան, տնտեսական այլ ռեսուրսներ են Ադրբեջանի վերահսկողությանն անցել:
Մասնավորապես, Ադրբեջանին է անցել Արցախի 36 հէկ-երից 30-ը, Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, քարի հանքեր:
Ինչ վերաբերում է գինեգործության և գորգագործության ոլորտներում բիզնես կորուստներին, Արցախի կառավարությունից հայտնել էին, որ ադրբեջանական վերահսկողությանն է անցել Շուշի քաղաքում գործող «Ղարաբաղ Կարպետ» ընկերությանըպատկանող գորգերի արտադրամասը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանին պատկանող պահածոների, հյութերի, բիոկոսմետիկայի արտադրամասերը, «Նանե» ապրանքանիշով բուսական թեյերի արտադրամասը:
Ադրբեջանին է անցել նաևՀադրութի շրջանի Տող գյուղի «Կատարո» ապրանքանիշով գինեգործարանը, Հադրութ քաղաքի պահածոների, ալկոհոլային խմիչքների գործարաններ: