«Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով». Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով (Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության մեղադրանքների առնչությամբ)։ Դատարանը որոշել է (1) հանձնարարել ՌԴ-ին անմիջապես վերջ դնել ռազմական գործողություններին, (2) հանձնարարել ՌԴ-ին ապահովել, որպեսզի իր կողմից վերահսկվող ոչ կանոնավոր ջոկատները և կազմակերպությունները զերծ մնան հետա ռազմական գործողություններից։ Դատավորներ Գևորգյանը (ՌԴ) և Սյուեն (Չինաստան) դեմ են քվեարկել որոշմանը՝ նշելով իրենց հայտարարություններում (Գևորգյան, Սյուե), որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի շրջանակներում վեճի համատեքստում ուժի գործադրման վերաբերյալ միջանկյալ միջոցը դուրս է Դատարանի իրավազորությունից։ Վերջիններիս գնահատականների հետ իմ անձնական կարծիքով դժվար է չհամաձայնել։ Տարօրինակ է, որ անգամ դատավոր Բեննունան (Մարոկկո), ով կողմ է քվեարկել որոշմանը, նշել է, որ կարծում է, թե Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կոնվենցիան չի տալիս ուժի գործադրման վերաբերյալ միջանկյալ միջոցներ սահմանելու հնարավորություն, սակայն ինքը “պարտավորված է զգում” կողմ քվեարկել՝ հաշվի առնելով Ուկրաինայի ժողովրդի տառապանքները:

Կարծում եմ ականատես ենք լինում մի շատ վտանգավոր գործընթացի․ Դատարանը ընդունել է որոշում, որն ակնհայտորեն դուրս է ՄԱԿ-ի հարկադրման ունակությունների տիրույթից, ավելին՝ գնահատականներից մի քանիսը պատճառ են տալիս ենթադրել, որ մեծամասնությունը առաջնորդվել է ոչ թե զուտ իրավական, այլ քաղաքական նկատառումներով, ինչն անխուսափելիորեն հետևանքներ է ունենալու Դատարանի հեղինակության համար։

Դատարանի մեծամասնությունը փորձ է արել իր այս մոտեցումը հիմնավորել՝ հղում կատարելով Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 1-ին հոդվածին, որի համաձայն պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու համար և դիտարկել ՌԴ գործողությունների իրավաչափությունն այս հոդվածի լույսի ներքո։

Սակայն առավել քան ակնհայտ է, որ ուժի թույլատրելի գործադրման շրջանակները կարգավորվում են ոչ թե խնդրո առարկա դրույթով, այլ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և սովորութային միջազգային իրավունքով: Անկախ նրանից առկա է միջազգային իրավունքում ուժի գործադրման արգելքից մարդասիրական միջամտություն թույլ տվող բացառություն, թե ոչ, այն ակնհայտորեն ուժի գործադրման միջազգային իրավունքի (jus ad bellum) խնդիր է, այլ ոչ թե հարց, որը կարգավորվում է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայով․․․»։

Տեսանյութեր

Լրահոս