«Երբ պարոն Աղաջանյանը խոսում է ԼՂԻՄ-ի մասին, խորհուրդ կտամ պատմական դասագիրք վերցնի և ուսումնասիրի՝ իր համար պարզ կլինի». Արցախի ԱԺ պատգամավոր

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը պետք է քննարկվի։

Երբ լրագրողը հիշեցրել էր, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանել է․

«Այստեղ ևս կարծում եմ` մեր դիրքորոշումն այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտումներ չի ունեցել, և խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետևաբար՝ ամբողջ համատեքստը կոնֆլիկտի՝ սկսած 1990-ականների սկզբից, հենց սա է եղել, և այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում: Վերջին 30 տարիների ընթացքում ևս Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների սեղանին եղել է հենց Արցախի հայության անվտանգ ապրելու իրավունքն իրենց ծննդավայրում»:

Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանի կազմում դա հնարավո՞ր է, Աղաջանյանն արձագանքել է. «Դա, ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և դրան` վերջնական կարգավիճակին, հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Աղաջանյանի հարցազրույցից հասկացել է, որ նա մակերեսորեն է տիրապետում արցախյան ազատամարտի, արցախյան խնդրի ամբողջ գործընթացներին: Եվ նաև իշխանական պատգամավորի համար որոշ մանրամասներ տեղեկացրեց, այդ թվում՝ նաև արցախյան խնդրի վերջին՝ ԽՍՀՄ փլուզման շրջանից, որը, ըստ մեր զրուցակցի՝ 1987 թվականից սկսած բավականին հետաքրքիր շրջապտույտ է անցել։

«Մենք՝ որպես այդ ժամանակաշրջանում ապրած քաղաքացիներ, մեր մաշկի վրա այդ ամենը զգացել ենք, և արցախյան պայքարի, Արցախի գոյության և Արցախը Մայր Հայաստանին միացնելու գործընթացի և ազատամարտի համար բազմաթիվ հայեր իրենց կյանքն են տվել։ Երբ պարոն Աղաջանյանը խոսում է ԼՂԻՄ-ի մասին, խորհուրդ կտամ պատմական դասագիրք վերցնի, ուսումնասիրի, և իր համար պարզ կլինի, որ երբ 1921 թվականին Արցախը Հայաստանից անջատվեց և տրվեց Խորհրդային Ադրբեջանին, այլ սահմաններ ուներ, և իր պատկերացրած ԼՂԻՄ-ը ձևավորվել է 1923 թվականին։ Արցախի որոշ շրջաններ ուղղակիորեն տրամադրել են Ադրբեջանին, իսկ ԼՂԻՄ-ը, եթե մենք պատկերացնում ենք այս ինքնավար մարզի սահմանները, ապա դա նույնպես կրճատված, պոկված հող էին թողել, և ստիպված խորհրդային կարգերին համաձայն՝ ինքնավարություն էին տվել։ Այդ շրջանում այնտեղ բնակչության 95 տոկոսը հայեր էին՝ մոտ 200 հազար հայ կար»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ պետք չէ ինչ-որ հայտարարություններ անել՝ անտեսելով պատմական անցյալը և ուղղակի խնդրի ամբողջական, խորքային բովանդակության մեջ չխորանալով։

«Այս ամենին նա կիսատ-պռատ է տիրապետում, որքան էլ որ զբաղեցնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ենթադրենք՝ փորձել է դիվանագիտորեն ինչ-որ միտք ձևակերպել՝ առկա քաղաքական տուրբուլենտությունից ելնելով։ Իսկ եթե Ադրբեջանն ասում է, որ որևէ հայի գլխից մազ չի պակասելո՞ւ, ի՞նչ ենք անում, Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մա՞ս։ Ազնիվ պիոներական խոսք է տալիս Ադրբեջանի նախագահը, և Արցախը սիրուն փաթեթավորում ու տալիս ենք Ադրբեջանի՞ն, որովհետև Ադրբեջանը խոստացել է, որ արցախահայությանն այլևս չի ցեղասպանի՞։ Սա՞ է իրենց պատկերացրածը»,- շեշտեց Կարեն Հովհաննիսյանը։

Թե ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ՀՀ պաշտոնյայի հայտարարությունը, Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ առաջին վտանգը արցախահայության ցեղասպանությունն է և Արցախի հայաթափումը։

«Մեկ բան կա, որ հաստատ է՝ ցանկացած իշխանություն ունի սկիզբ ու վերջ։ Հետևաբար՝ որևէ իշխանություն չի կարող որոշել ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Եթե Աղաջանյանը հիշում է՝ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ճանաչել է ԼՂԻՄ-ի միացումը Մայր Հայաստանին։ Գուցե ճիշտ կլիներ այդ կողմից խոսեր, որքան էլ որ հիմա պարտվածի վիճակում ենք, որքան էլ մեր վիճակը հիմա բավականին ծանր է, պետք է պահպանենք արժանապատվությունը։ Կարծում եմ՝ չպետք է նման անատամ ու թույլ լինեն, և ավելի լավ կլիներ՝ պարոն Աղաջանյանը խորությամբ ուսումնասիրեր պատմությունը։ Պաշտոնյաները գալիս ու գնում են, բայց հայրենիքը մեկ է, և որևէ խմբի կողմից հայրենիքի ճակատագիրը միանձնյա որոշելը, կներեք՝ բարոյական չէ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս